«Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճը կփակվի

«Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճը կփակվի

Հունվարի 5-ից «Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճը կփակվի, եւ կմեկնարկի վերանորոգման փուլը: Այդ մասին ասաց համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, ով նշեց, որ կլինի հիմնականում տեխնիկական վերազինում՝ բեմի լույսերից սկսած մինչեւ մանրահատակ: Վերանորոգումը նախատեսված է ավարտել 2-3 ամսվա ընթացքում՝ մինչեւ ապրիլ, որպեսզի ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին այն բաց լինի:



Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ նշեց, որ նվագախումբը 2014-ին շատ աշխատանքներ է իրականացրել եւ ունեցել է 2 կարեւոր հյուրախաղեր Իտալիայում եւ Ավստրիայում՝ տարբեր փառատոների շրջանակում: Թոփչյանը նշեց, որ ֆինանսական խնդիրներ միշտ կան, բայց դա չի խանգարել, որ ամիսը 4 անգամ համերգներ տան: Ինչ վերաբերում է պետության կողմից աջակցությանը, ապա վերջին տարիներին պետությունը գոնե իրենց ճանապարհածախսն է ֆինանսավորում:



Հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նվագախումբն ինչ-որ կոնկրետ համերգային ծրագիր ունի՞, դիրիժորը նկատեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցը շատերն օգտագործում են անուն հանելու եւ ֆինանսական միջոցներ ստանալու համար, ինչը Ֆիլհարմոնիկի դեպքում չկա, քանի որ ինչպես առաջ, նոր տարում նույնպես հյուրախաղերը շարունակվելու են: Փոխարենը Թոփչյանը նշեց, որ գործուն աշխատանք են տարել մի քանի փառատոների դեպքում, որպեսզի դրանք նվիրվեն եւ անցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ներքո: