Overlook 2014 - 5th CinemAvvenire միջազգային կինոփառատոնի մրցանակը՝ «Թեւանիկին» | լուսանկարներ

Overlook 2014 - 5th CinemAvvenire միջազգային կինոփառատոնի մրցանակը՝ «Թեւանիկին» | լուսանկարներ

<<Ֆիշ այ Արթ>> մշակութային հիմնադրամը 2014 թվականի ընթացքում ավարտել և մայիսի 5- ին կինոթատրոն <<Մոսկվայում>> հանդիսատեսի դատին է ներկայացրել իր ստեղծած <<Թևանիկ>> լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը:



Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով ռեժիսո Ջիվան Ավետիսյանը պատմում է պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մեկ օրվա կյանքի, նրա մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Թեև առօրյա խաղաղ կյանքը փոխվել է, բայց մարդիկ դեռևս դժվարանում են ըմբռնել պատերազմական իրավիճակի ողբերգականությունը: Նրանք չեն էլ հասցնում դա անել, քանզի դեպքերը զարգանում են թավալգլոր արագությամբ և նրանք կանգնում են ճակատագրական հարցերի առաջ:



Ֆիլմն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արթբոքս» կինոընկերության հետ համատեղ: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը: Ֆիլմի տևողությունը 81 րոպե է: Նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում: Նկարահանումների իրականացմանն աջակցել է ԼՂՀ կառավարությունը:



<<Մոսկվա>> կինոթատրոնում 2014 թվականի մայիսի 5-ին կայացած պրիմերայից հետո ֆիլմը ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի շուկայում և արժանացել է փառատոնի մասնագիտական շրջանակների ուշադրությանը: Այս տարվա ընթացքում ֆիլմը ցուցադրվել է տասնյակից ավելի Եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Լիբանանում և Իրանի իսլամական հանրապետությունում: Առաջիկայում շարունակվելու են ֆիլմի ցուցադրությունները տարբեր երկրներում, մասնավորապես, հունվարի 9- ից 16-ը <<Թևանիկը>> ցուցադրվելու է Ամերիկայի միացյալ նահանգներում՝ Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Բոստոն և Վաշինգտոն քաղաքներում:



Արտասահմանյան ցուցադրություններին զուգահեռ ֆիլմը երեք ամիս շարունակ ցուցադրվել է <<Մոսկվա>> կինոթատրոնում, զորամասերում, Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում սահմանամերձ բնակավայրերում: Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Կինոաշուն 2014» ծրագրի շրջանակներւմ «Թևանիկը» ցուցադրվել է դպրոցներում, ԲՈՒՀ-երում, մի շարք հիմնարկներում և կազմակերպություններում: Երևանի «Ոսկե Ծիրան» և Վրաստանի «Պրոմեթևս » կինոփառատոնների համատեղ կինոէքսպրես ծրագրի շրջանակներում «Թևանիկ»-ը ցուցադրվել է Գյումրի, Ամասիա, Վանաձոր, Ալավերդի,ինչպես նաև Վրաստանի Նինոծմինդա, Ախալքալաք և Բորժոմի քաղաքներում:
<<Թևանիկի>> հատուկ ցուցադրությամբ է փակվել Վրաստանի <<Թբիլիսյան Պրոմեթևս միջազգային կինոփառատոնի>> Հայաստան-Վրաստան կինոէքսպրեսը:



<<Թևանիկ>> ֆիլմը 2014 թվականին արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների. Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի ամփոփման արդյունքներով ֆիլմն արժանացել է <<Ոսկե ծիրան>> գլխավոր մրցանակին, Չինաստանի Խիան քաղաքում անցկացված «Fist Silk Road International Film Festival»-ում՝ <<Հանդիսատեսի համակրանք>> մրցանակին, Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնում՝ <<Լավագույն սցենարի համար>> մրցանակին, իսկ Հռոմի <> կինոփառատոնի միջազգային ֆիլմերի մրցույթում ժյուրիի մրցանակին լավագույն ինքնատիպ աշխատանքի համար:



Ներկայումս <<Ֆիշ այ Արթ>> մշակութային հիմնադրամը աշխատանքներ է տանում նոր` <<Վերջին բնակիչը>> գեղարվեստական ֆիլմի ստեղծման ուղղությամբ: