Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին նվիրված միջոցառմանը

Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երեւանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:



Շնորհավորելով քոլեջի անձնակազմին եւ սաներին հոբելյանի առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կրթօջախն անցել է ինը տասնամյակների երկար ու ձիգ ճանապարհ` կերտելով ստեղծագործական ձեռքբերումներով լի հարուստ ու բեղմնավոր կենսագրություն, դառնալով մեր ազգային պարարվեստի ավանդույթները պահպանող ու զարգացնող մշակութային յուրօրինակ օջախ, որն իր սեփական դիմագիծն ու հաստատուն տեղն ունի մեր երկրի մշակութային կյանքում:



«Տարիներ շարունակ ձեր շրջանավարտներով են համալրվում Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, Հայաստանում եւ հայկական սփյուռքում գործող պարային տարբեր համույթներ: Քոլեջի սաները փայլել եւ փայլում են աշխարհի հեղինակավոր բեմերում` Մոսկվայի Մեծ թատրոնում, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում, Փարիզի Գրանդ օպերայում եւ այլ հարթակներում` արժանանալով խստապահանջ ու բարձրաճաշակ հանդիսատեսի բարձր գնահատականին: Գնահատելի է նաեւ մեր մշակույթի տարածմանն ուղղված` ձեր շրջանավարտների հայապահպան գործունեությունը»,- նշել է վարչապետը՝ քոլեջի անձնակազմին, սաներին, պարարվեստի երկրպագուներին մաղթելով առողջություն, ամենայն բարիք ու անսպառ եռանդ՝ իրականացնելու նոր ծրագրեր ու մտահղացումներ, հասնելու նորանոր հաջողությունների:



ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հրամանագրով Երեւանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակի կապակցությամբ, մշակույթի բնագավառում երկարամյա մանկավարժական գործունեության համար Երեւանի պարարվեստի պետական քոլեջի բաժնի վարիչ Տաթեւիկ Ղարիբյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Այն Տաթեւիկ Ղարիբյանին հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Երեւանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակի կապակցությամբ, մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երեւանի պարարվեստի պետական քոլեջի ուսուցիչ Անուշ Պետրոսյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:



Երեւանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության «Երեւանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, որը Հովիկ Աբրահամյանը հանձնել է քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանին:



Միջոցառմանը մասնակցել են քոլեջի սաները, ուսանողները, տարբեր տարիների շրջանավարտներ, ինչպես նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը եւ նվագախումբը: