Ջեռուցում Պարույր Սևակի նախակրթարանում

Ջեռուցում Պարույր Սևակի նախակրթարանում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել եւ ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները:



Նախագծի շրջանակում Պարույր Սեւակ գյուղի նախակրթարանում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ եւ էլեկտրական ջեռուցման համակարգ: Շնորհանդեսը կայացավ գյուղի նախակրթարանում, որն ունի 2 սենյակ եւ սպասարկում է 16 երեխայի: Միջոցառման հյուրերն էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը եւ Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:



«Հին ժամանակներում իմաստուններն ասում էին, որ երկրագունդը պետք է սիրել եւ պահպանել, քանի որ այն ոչ թե ժառանգել ենք մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Բնությունն անչափ հարուստ է ռեսուրսներով, բայց մենք պետք է խնայողաբար օգտագործենք դրանք՝ հնարավորության դեպքում ընտրելով պակաս վնասակար կամ լիովին անվնաս տարբերակներ:



Արդեն ամբողջ աշխարհն է գիտակցում էկոլոգիական աղետների պատճառներն ու դրանց հետեւանքների լրջությունը, եւ բազմաթիվ երկրներ պատասխանատու մոտեցում են ցուցաբերում շրջակա միջավայրի հանդեպ` օգտվելով այլընտրանքային էներգիայի աղբյուրներից: Սա ոչ թե առանձին երկրների, այլ ամբողջ մարդկության պայքարը պետք է լինի, եւ, միանալով դրան, մեկ անգամ եւս հավաստում ենք մեր քաղաքակիրթ եւ գիտակից մոտեցումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Արեւային ջեռուցման եւ ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 2 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 60 հատ): Հայաստանում, ի դեպ, 70 մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58 մմ-ն) եւ առավել արդյունավետ են: Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1 մ է: Համակարգն ունի նաեւ 300 լիտր տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաեւ ղեկավարման համակարգ` իր պոմպով:



Բացի այդ, նախակրթարանում տեղադրվել է ջեռուցման էլեկտրական կաթսա՝ 15KW հզորությամբ, եւ ջեռուցման ընդհանուր համակարգ՝ 8 հատ ջեռուցման մարտկոցով: Նախակրթարանում տեղադրված արեւային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ծրագրի շնորհիվ սպասվում է նաեւ նախակրթարան հաճախող երեխաների քանակի աճ:



Պարույր Սեւակ գյուղը, որը նախկինում ունեցել է Սեւակավան անվանումը, հիմնադրվել է 1978 թ.-ին եւ ունի 577 բնակիչ: Գյուղի բնակչությունը գաղթել է տարբեր հարակից համայնքներից, ինչպես նաեւ Ադրբեջանից: