«100 տարի… իրական պատմություններ», որոնք կարդում են հայերը, աշխարն ու թուրքերը

«100 տարի… իրական պատմություններ», որոնք կարդում են հայերը, աշխարն ու թուրքերը

Երեկ Երեւանում՝ «Կոնգրես» հյուրանոցում, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանի ներկայացմամբ տեղի ունեցավ «100 տարի… Իրական պատմություններ» խորագրով գրքի հայերեն եւ անգլերեն տարբերակների շնորհանդեսը: Գրքում ներկայացված են իրական պատմություններ, թե ինչպես են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերը հայերին փրկել ջարդերից: Այսպիսի 47 պատմություններ են հավաքագրվել ու զետեղվել գրքում, որոնց հարցում ի սկզբանե նախապայման է դրված եղել, որ դրանք չպետք է խմբագրվեն եւ պիտի ներկայացվեն այնպես, ինչպես կան:



Գիրքը լույս է տեսել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության եւ «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության ուժերով, Միացյալ Թագավորության արտաքին եւ համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում:
Կարեն Բեքարյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ դեռեւս 2011թ. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից նախագծվել է մի ծրագիր, որն այն ժամանակ կրել է «Թուրքիայի երկրորդ դեմքը» խորագիրը: «Մենք փորձեցինք կյանքի կոչել այս ծրագիրը, որի հիմնական եւ ամենակարեւոր նպատակն այն էր, որ չպետք է մոռացվի այն լավությունը, որ այդ տարիներին արվել է հայերի համար, անկախ նրանից՝ լավություն անողը եղել է թուրք, թե այլ ազգի ներկայացուցիչ: Եվ համատեղ ջանքերի արդյունքում մենք կարողացել ենք հավաքել նման 47 պատմություններ, որոնք էլ տեղ են գտել այս գրքում»,- ասաց նա:



Պատմությունները թուրքերենով հրատարակվել են նաեւ թուրքական 8 հայտնի լրատվամիջոցներում՝ Taraf, Zaman, Radikal, Demokrat haber, Evrensel, Bianet, Yurt, T24: Թուրքիայում պատմությունները տարածելու գործում իրենց օգնել է Թուրքիայում գործող «tursu.tv production» ընկերության ղեկավար, T24 ամսագրի սյունակագիր, ազգությամբ հայ Արիս Նաջը: ԶԼՄ-ներով հրապարակելուց հետո նրանք որոշել են այդ ամենը տպագրել մեկ գրքում՝ նաեւ այդպիսով հասանելի դարձնելով հանրությանը: Մոտ մեկ շաբաթ առաջ Ստամբուլում տեղի է ունեցել գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել նաեւ այս հարցում հայերին օժանդակած Արիս Նաջը՝ «tursu.tv production» ընկերության ղեկավարը:



Վերջինս իր ելույթում ասաց, որ Թուրքիայում հավաքագրված իրական պատմությունները տարածելու համար ահռելի աշխատանք է կատարվել, քանի որ ոչ բոլոր լրատվամիջոցները կհամաձայնեին առանց որեւէ խմբագրական փոփոխությունների այդ պատմությունները հրապարակել: Նրա խոսքով՝ այս պատմությունները հրապարակած այդ 8 լրատվամիջոցներից որոշները համարվում են Թուրքիայի իշխանությունների կողմնակիցները, կան նաեւ ծայրահեղ իսլամիստական մոտեցումներ ունեցող թերթեր:



«Սկզբում նրանք չէին ցանկանում տպել այն տեսքով, որ մենք ներկայացրել էինք, եւ ցանկանում էին խմբագրական փոփոխությունների ենթարկել, սակայն մենք առարկել ենք եւ պնդել ենք, որ չպետք է որեւէ բառ փոխվի, այսինքն, եթե գրված է «Արեւմտյան Հայաստան», ապա այդպես էլ պետք է մնա, եթե գրված է «ցեղասպանություն», ապա այդպես էլ պետք է մնա: Եվ վերջնական արդյունքում մենք հաջողության հասանք եւ կարողացանք Թուրքիայում բավականին հեղինակություն ունեցող թերթերով ներկայացնել մեր պատմությունները, որոնք մեծ արձագանք ստացան»,- իր խոսքում նշեց Արիս Նաջը՝ ընդգծելով, որ այդ թերթերը հետո Թուրքիայի կառավարության կողմից հայտնվել են ճնշումների տակ, եղել են թերթեր, որոնց նույնիսկ մի քանի օր արգելել են աշխատել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ