Հայկական քարոզչամեքենան իրավունք չունի թութակելու օտարներին, նույնիսկ՝ ռուսներին

Հայկական քարոզչամեքենան իրավունք չունի թութակելու օտարներին, նույնիսկ՝ ռուսներին

Այս օրերին մեզ ամեն րոպե ասում են.
1. Գյումրիում տեղի ունեցածը հայ-ռուսական հարաբերությունների հարց չէ:
2. Պերմյակովի գործած ոճիրը չի կարելի քաղաքականացնել:
3. Մի՞թե այնքան խելք չունեք, որպեսզի ինքնուրույն հասկանաք, թե ում էր սա ձեռնտու:
4. Այն, որ Հայաստանում իրենց արեւմտամետ հռչակած ուժերը ձեռքերն են շփում, քաղաքականացնում դեպքը եւ ձուկ բռնելու համար պղտորում ջուրը, մի՞թե չի ապացուցում, որ սա Արեւմուտքի ձեռքի գործն է, Հայաստանում մայդան հրահրելու փորձ:



Ինչի՞ համար է այս ամենը` որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չառաջանա՞ն: Հայերեն ասած` ерунда- все это!



1. Գյումրիում տեղի ունեցածը ամենաշատը եւ առաջին հերթին հայ-ռուսական հարաբերությունների հարց է եւ վկայում է այն մասին, որ այդ հարաբերությունները շատ վատ ու սխալ են կառուցված: Երբեք չես ասի, որ սա հայ-չինական կամ հայ-ճապոնական հարաբերությունների հարց է: Մինչեւ ամեն ինչ ջրի երես դուրս չգա, նույնիսկ չես կարող ասել, որ սա հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-ՆԱՏՕ-ական, Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների հարց է: Եթե նույնիսկ պարզվի, որ սա Ռուսաստանի հակառակորդների ձեռքի գործն է, ապա, միեւնույն է, խնդիրը դարձյալ վերադառնում է հայ-ռուսական հարաբերությունների ոլորտ, որովհետեւ հենց այդ հարաբերություններն են պատճառը, որ Ռուսաստանի հակառակորդը դարձել է նաեւ մեր հակառակորդը` ոճիրը ծրագրել մեր դեմ:



2. Ինչպե՞ս կարելի է չքաղաքականացնել տեղի ունեցածը: Ասում են` մի քաղաքականացրեք, բայց փոխարենը ոչինչ չեն առաջարկում: Ի՞նչ անենք, գուցե մտածենք, որ Պերմյակովը տնտեսակա՞ն հանցագործ է, որոնցով Հայաստանը լիքն է: Ձմռանը, երբ շուրջբոլորը ձյուն է, Պերմյակովը, ավտոմատը ուսին, գիշերով մի քանի կիլոմետր քայլել է, որ օտար մարդու տան դուռը խորտակի եւ ծարավը հագեցնի: Էշը կհավատա այս վերսիային: Դարձյալ միայն էշը կհավատա, որ Արեւմուտքն իր գործակալին կհրահանգեր` հենց բռնվես, կասես, որ ծարավ էիր: Արեւմուտք ասացինք` հիշեցինք: Եթե Արեւմուտքն է կազմակերպել, ուրեմն արդեն իսկ քաղաքական խնդրի հետ գործ ունենք, որովհետեւ դրանով քաղաքական հարց է լուծվում եւ ոչ թե մշակութային: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մեզ այնտեղից ասում է` քաղաքականացնելն անթույլատրելի է: Նախ` նա այդ իրավունքը չուներ, որ մեզ ասեր, թե ինչն է թույլատրելի եւ ինչը ոչ, եւ ապա` հենց միայն փաստը, որ Պուտինը զանգում է Սերժ Սարգսյանին, իսկ Լավրովն էլ այնտեղից է խրատներ կարդում, արդեն իսկ քաղաքականություն է եւ ոչ թե գյուղատնտեսություն:
Այլ հարց, որ ասեին` սա երկու ժողովուրդների փոխհարաբերության հարց չէ եւ չպետք է պատճառ դառնա, որ Հայաստանում ռուսներ կամ Ռուսաստանում հայեր տուժեն: Ես դա կհասկանայի, եւ դա իրոք այդպես է: Բայց մի կողմից ասում են՝ սա պետք չէ քաղաքականացնել, իսկ մյուս կողմից ակնարկում են, որ սա հայ եւ ռուս քաղաքական հանճարների թշնամիների գործն է:



3. Ո՞ւմ էր սա ձեռնտու: Ես միշտ նախանձել եմ այն մարդկանց, ովքեր էն գլխից գիտեն այս հարցի պատասխանը: Հայաստանում այդպիսիք քիչ չեն: Նրանք պատրաստ են գրազ գալ, որ սա թուրքերին, ադրբեջանցիներին կամ նվազագույնը արեւմտյան ուժերին էր ձեռնտու: Մտածում ես` երեւի մի բան գիտեն, էլի, այդ մարդիկ: Այ ձեր ցավը տանեմ, բա եթե սա մեր թշնամիների եւ քաղաքական հակառակորդների ձեռքի գործն է, ինչպե՞ս չքաղաքականացնենք հարցը: Ստացվում է` մի կողմից ընդունում ենք, որ Հայաստանում աշխարհաքաղաքական խնդիր է լուծվում, իսկ մյուս կողմից մեր քաղաքացիներին համոզում, որ սա ուղղված էր մեր կովերի բարձր կաթնատվության դեմ: Դե, իսկ Պուտինն էլ, երբ զանգահարել է Սարգսյանին, քննարկել է ԵՏՄ տնտեսության զարգացմանն սպառնացող այդ խնդիրը: Այսպես լա՞վ է:



4. Էժան դիվիդենտների հարցն է ամենադժվարը: Ի դեպ ասեմ, որ Գյումրիի ցույցերից ու անկարգություններից դիվիդենտներ շահողների թիվն ավելի փոքր է, քան Սերժ Սարգսյանի Գյումրի չայցելելու իրողությունից օգտվողներինը: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանն այն մարդկանց թվին է պատկանում, ովքեր մտածում էին, որ այդ այցը քաղաքական հնչերանգ կհաղորդեր ոճրագործությանը: Ահա եւ հարցը չքաղաքականացնելու նպատակով Գյումրի է ուղարկել քաղաքականության հետ կապ չունեցող այնպիսի պաշտոնյաների, ինչպիսիք են Գալուստ Սահակյանը եւ Հովիկ Աբրահամյանը` չհաշված ոտքի տակ ընկնող բազմասեռ ու բազմապրոֆիլ, այսպես ասենք՝ ոչ քաղաքական գործիչները:



Սերգեյ Լավրովը մեզ ասում է` հայ ժողովուրդը հպարտ ժողովուրդ է: Շնորհակալ ենք այդ մեկ հատիկ բառի համար: Մենք նույն կարծիքին ենք հպարտանալու արժանի պատմություն ու մշակույթ կերտած ռուս ժողովրդի մասին: Հենց այդ հպարտությունն է պատճառը, որ մեր ժողովուրդների միջեւ նույնիսկ նման ողբերգությունից հետո թշնամություն չի առաջանում: Ո՞ւմ համար հասկանալի չէ, որ Ձեր անվանակից Սերյոժան ոչ թե հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, այլ համաշխարհային ընթացքները կառավարել ձգտող գերտերությունների վարած քաղաքականության զոհն է: Քաղաքականություն, որի մեջ ոչ մի կետ չկա այն մասին, որ ամեն ազգ իրավունք ունի իր հայրենիքում իր կյանքն արարելու: Մի կոտրեք հպարտ ազգերին: Առանց նրանց երկրագունդը կլինի գորշ:



Մեր կարծիքով, հարգելի Սերգեյ Վիկտորի, առաջին հերթին դուք` քաղաքական գործիչներդ պետք է ընդունեք ձեր մեղքը եւ նոր միայն ցուցումներ տաք, թե ինչ ու ինչպես անեն մեծ քաղաքականության հորձանուտում հայտնված փոքր, բայց հպարտ, անհուն ցավին արձագանքող ազգերը, որոնց իշխանությունները, ավաղ, անզոր են դիմակայելու աշխարհաքաղաքական արհավիրքներին ու այդ անզորությունից պղտոր ջրում ձուկ որսացողներ են փնտրում սեփական երկրում, հանուն չգիտես ինչի պառակտում սեփական ժողովրդին: Ամենուր նույն պատկերն է` արաբական երկրներ, Աֆրիկա, Սերբիա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան…



ՀԳ. Գուցե սա գործի հետ կապ չունի, գուցե ճակատագրի խաղ է, բայց ոչ միայն փոքրիկ Սերյոժան էր Սերգեյ Լավրովի անվանակիցը, այլեւ Վալերի Պերմյակովի անվանատառերն են համընկնում մի շատ հայտնի մարդու անվանատառերին` Վ. Պ.: Մանրուք է թվում, բայց ուշադրություն է գրավում: