ԳԱԱ ընտրություններում ինտրիգայնությունը բավականին շատ էր

ԳԱԱ ընտրություններում ինտրիգայնությունը բավականին շատ էր

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանի «Գիտությունների ազգային ակադեմիան երեկ, այսօր եւ վաղը» վերնագրով հոդվածը, որը տարեվերջին տպագրվել էր «Голос Армении» թերթում, մեծ իրարանցում է առաջացրել ԳԱԱ-ում:



Այնքան, որ տարեսկզբին նախագահության ընդլայնված նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվել է Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ԳԱԱ-ի վերաբերյալ, որն արտացոլված է եղել հոդվածում: Ի դեպ, հոդվածը լույս է տեսել ԳԱԱ-ի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններից մի քանի օր առաջ: Իսկ հոդվածում մասնավորապես գրված է եղել, որ Ակադեմիան վերջին տարիներին չի ներկայացրել արժեքավոր եւ ոչ մի առաջարկ, որը կազդի գիտության ներկա վիճակի վրա: Ավելին՝ գիտության ոլորտում այն ավելի շատ արգելակող դեր է կատարում եւ համագործակցության չի գնում Գիտության պետական կոմիտեի հետ՝ նրա մեջ տեսնելով մրցակցի:



Այնուհետեւ, անդրադառնալով օրենքով սահմանված Ակադեմիայի պարտավորություններին, Հարությունյանն ընդգծել էր, որ իրատեսական չէ դրանց իրագործումը, քանի որ հիմա ԳԱԱ-ի 53 ակադեմիկոսների եւ 58 թղթակից անդամների միջին տարիքը 70-80-ն է, որոնք մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող իրականացնել այդ գործառույթները: Իր հոդվածում Հովհաննիսյանն անդրադարձել էր նաեւ 3 տարին մեկ անցկացվող ընտրություններին, նշելով, որ ընտրությունները միշտ անձնավորված են եղել եւ պայմանավորված են այս կամ այն խմբավորման հետաքրքրություններով, իսկ ակադեմիկոսի գիտական հեղինակության փոխարեն հաշվի է առնվում ավելի շատ թեկնածուի նվիրվածությունն Ակադեմիայի վերնախավին կամ նրա «ճկունությունն» ընտրողների հետ աշխատանքներում:



Ըստ նրա, հատուկ հետաքրքրություն են ներկայացնում նախընտրական կրքերը, քանի որ տարբեր կոմբինացիաներ են մտածվում այս կամ այն թեկնածուի ձախողման համար, իսկ որոշ դեպքերում կրքերն այնքան են թեժանում, որ իրար հետ հակամարտող կողմերը գնում են ինքնաոչնչացման, եւ արդյունքում կորում են տեղերը: Այդպես նախորդ ընտրություններին 8 տեղ է կորել: Վերջում Հարությունյանն եկել էր այն եզրահանգման, որ ներկայիս Ակադեմիան ի զորու չէ կատարել այն առաքելությունը, որ դրված է իր վրա, եւ հարկատուն վաղ թե ուշ առաջ կքաշի այն հարցը, թե ինչու պետք է ցմահ կերակրի մարդկանց, որոնցից ստացած օգուտը, մեղմ ասած, կասկածելի է:



Ահա այս մտքերի համար էլ ԳԱԱ-ն ընդլայնված նիստ էր հրավիրել օրեր առաջ, որից հետո մամլո հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես գրված էր. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների 2014թ. դեկտեմբերի 26-ին եւ 27-ին տեղի ունենալիք ընտրությունների նախօրեին հրապարակված հոդվածում Սամվել Հարությունյանը վարկաբեկում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեությունը, կասկածի տակ է դնում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գոյության անհրաժեշտությունը, թերագնահատում է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների գիտական մակարդակը: Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Սամվել Հարությունյանը բարձրաձայնում է խնդիրներ` չհստակեցնելով դրանք եւ մոռանալով, որ այդ խնդիրների կարգավորումը Գիտության պետական կոմիտեի գործունեությունը պետք է լիներ: Նիստում նշվեց, որ Սամվել Հարությունյանը գիտության ոլորտում ձեռքբերումները վերագրել է 2007թ.-ին ստեղծված եւ իր կողմից ղեկավարվող Գիտության պետական կոմիտեին` թերագնահատելով ՀՀ ԳԱԱ-ի ամբողջ համակարգի գործունեությունը:



Նիստում ներկայացվեցին միջազգային տարբեր ցուցանիշներ, որոնք վկայում են Հայաստանի գիտության բարձր վարկանիշի մասին: ՀՀ ԳԱԱ ընդլայնված նիստի մասնակիցների մեծամասնությունը նշեց, որ լիազորված մարմնի ղեկավարի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի նկատմամբ անձնական բնույթ է կրում, չի համապատասխանում նրա լիազորությունների շրջանակին եւ փորձ է վարկաբեկելու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ինչն անընդունելի է»:



Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ նա քաղաքում չէր: Թե ինչ է կատարվել նիստում, ինչ ելույթներ են հնչել, եւ ինչ վերաբերմունք է դրսեւորել քննարկմանը ներկա ԿԳ նախարար Աշոտյանը, փորձեցինք ճշտել նիստում ելույթ ունեցած ԳԱԱ անդամներից:



ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց դիրքորոշումը հաղորդագրության մեջ արտահայտված է, եւ ավելացնելու ոչինչ չունի: ԳԱԱ նախագահության անդամ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի կարծիքով, հարցն այն է, որ ընտրությունների հետ կապված՝ ընտրություններից առաջ, եղել են մի շարք հոդվածներ, հանդես են եկել մի շարք ակադեմիկոսներ, այդ թվում նաեւ ինքը, որին հաջորդել է նաեւ Սամվել Հարությունյանի հոդվածը, որն Աղալովյանը բնութագրեց որպես բարի ցանկություն՝ մի քիչ սուր ձեւով արտահայտված. «Ինձ թվում է՝ Գիտության պետական կոմիտեն ճիշտ է վարվել, երբ առանձին բնագավառների համար շեմեր է սահմանել: Քննադատության առարկան, ըստ էության, եղել է Ակադեմիայի նախագահությունը, որ պասիվ է աշխատում, եւ այն արդյունքները, որ ստացել են, ի վերջո, առանձին գիտնականների արդյունք է եւ ոչ թե նախագահության կազմակերպչական գործունեության հետեւանք: Քննարկում, որպես այդպիսին, չեղավ, որովհետեւ թե ԿԳ նախարարը, թե կոմիտեի նախագահը շուտ գնացին»:



Հետաքրքրվեցինք՝ Ակադեմիայի անդամ գիտնականները հիմնականում կո՞ղմ էին, թե՞ դեմ արտահայտված մտքերին: «Որոշ հարցերի վերաբերյալ տեսակետները կիսվեցին»: Ըստ Աղալովյանի, կային որոշ չափազանցություններ նաեւ Հարությունյանի խոսքում, մասնավորապես՝ գիտական կենտրոնների մասով, որը, նրա կարծիքով, պետք է շատացնել, բայց ինչը, անկասկած, քննարկման կարիք ունի: Աղալովյանը նաեւ նկատեց, որ եթե գիտության պատասխանատու 2 կառույցները՝ ԳԱԱ-ն եւ Գիտության կոմիտեն, չհամագործակցեն, բնական է, որ գիտության բնագավառը չի զարգանա:



Աղալովյանը նշեց, որ ինքն էլ իր հոդվածում անդրադարձել է նրան, որ Ակադեմիայում տեղերի բաշխումը կատարվել է սուբյեկտիվ ձեւով. «Ակադեմիայի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների թափուր տեղերի հարցը հավասարեցված է եղել մահացած ակադեմիկոսների եւ թղթակից անդամների թվի հետ, դա, ի վերջո, Ակադեմիայի նախագահն է արել: Ես շատ վրդովված էի, որ առաջին անգամ Ակադեմիայի պատմության մեջ մեխանիկային տեղ տրված չէր, այն դեպքում, որ 1 ակադեմիկոս եւ 2 թղթակից անդամ արդեն մահացել էին: Հետո, անձնավորված տեղեր շատ կային, որ գիտեինք սա բացված է այսինչ մարդու համար: Այդ հարցերը չէին քննարկվել բաժանմունքի բյուրոներում, սովորաբար բյուրոները պետք է քննարկեին, իմանային, թե որ ուղղությունները պետք է առավել զարգանան, ինչ տեղեր են անհրաժեշտ, որը հետո հաշվի կառներ Ակադեմիայի նախագահությունը:



Իսկ իրենք հավաքեցին-տվեցին այդ ցուցակը եւ ըստ էության ասեցին՝ քվեարկեք: Միակ ընդվզողը ես էի եւ շարունակում եմ մնալ իմ տեսակետին, որ այսպես տեղեր ընտրել չի կարելի, չնայած գտնում եմ, որ բազմաթիվ նշանավոր գիտնականներ ընտրվեցին, բայց եղան նաեւ արտառոց դեպքեր, երբ մարդիկ չընտրվեցին, ու այդ տեղերը կորան: Օրինակ, ակադեմիկոսի տեղը բուսաբանության գծով մնաց թափուր, եւ դա ինտրիգների պատճառով, եւ, ընդհանրապես, ինտրիգայնությունն այս ընտրություններում բավականին շատ էր»:



ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս, լուսավորության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը չգիտեր, թե ինչ հաղորդագրություն է տարածել ԳԱԱ-ն, եւ զգուշանում էր խոսել, քանի որ, ըստ նրա, քննարկումից հետո որեւէ որոշում չի կայացվել, եւ, առավել եւս, չի քվեարկվել այդ որոշումը. «Եթե բոլորի անունից ինչ-որ բան են ուղարկում, պիտի քվեարկվի, այնպես չէր, որ բոլորը մի կարծիքի էին այս հարցի վերաբերյալ, եղել են եւ կողմ, եւ դեմ կարծիքներ»:



Էդուարդ Ղազարյանը նշեց, որ իր ելույթը վերաբերել է ընտրություններին, այն է՝ չկան ձեւավորված չափանիշներ՝ միջազգայնորեն ընդունված, թե ով կարող է դիմել, եւ ում կարելի է ներկայացնել Ակադեմիայի թղթակից անդամի թեկնածու, ում՝ ակադեմիկոս. «Ակադեմիայի մասին օրենքում ընդհանուր ձեւակերպում է, իսկ թե արդյունքները եւ միջազգային ճանաչումն ինչ գործիքներով են չափվում, չկա որեւէ բան: Եթե չկա ընդհանուր մոտեցում, քվեարկողներից յուրաքանչյուրն ինքն է իր չափանիշները որոշում, եւ լրիվ դառնում է այլ իրավիճակ, եւ շատ հաճախ շատ արժանի թեկնածու չի անցնում, իսկ միջին կարողություններով մասնագետն անցնում է»:



Այն հարցին, թե որքանով է առողջ քննարկում ծավալվել, Ղազարյանը նշեց, որ գոհ է քննարկումից, ելույթ են ունեցել շատերը. «Բայց քննարկումից հետո որեւէ որոշում չկայացրինք, ստացվեց այնպես, որ բավարարվել ենք այդ քննարկումներով, հետագայում ինչ-որ ձեւով ինչ-որ բաներ հաշվի առնելու»:



Ինչ վերաբերում է քննարկմանը ներկա Աշոտյանին, ապա վերջինս ընդամենը նշել է, որ տեղյակ է եղել հոդվածի տպագրման մասին՝ հույս ունենալով, որ օգտակար քննարկում կգնա այդ հարցերի շուրջ: