Հերմինե ջան, կներես, Էդոն քանի՞ ոտք ունի…

Հերմինե ջան, կներես, Էդոն քանի՞ ոտք ունի…

Ազգային ժողովը գուցե օրենք է ընդունել, որ պատգամավորները երեք ոտք ունեն , ու ես բանից անտեղյակ զարմանում եմ Հերմինե Նաղդալյանի ասածի վրա. «Ընդդիմությունը կաղում է, կաղում է վաղուց և ոչ թե մեկ ոտքից, այլ՝ երկու, ավելի շուտ՝ երեք ոտքից»:



Դե եկ ու իմացիր, թե ո՞րն է այդ երրորդ, ինչպես ինքն է ասում, «փոխաբերական թևերով» ոտքը:



Հենց դա էր պատճառը, որ այսօր Ազգային ժողովն իր թեժ թեմաներով ինձ չէր հուզում ու հարմար կանգնելու պահի էի սպասում, որ ընդդիմության ոտքերը հաշվեմ:



Նոր եմ հասկանում Անահիտ Բախշյանին, որ պատգամավորների գլուխներն ուզում էր հաշվել: Երևի իրեն էլ էին ապակողմնորոշել, որ Հանրապետականները մեկից ավելի գլուխ ունեն:



Վերջը երբ Զուրաբյանը ելույթից հետո ճանապարհվեց, որ իր տեղը նստի՝ հաշվեցի ոտքերը և տեսա, որ երկուսն են, հաստատ երկուսն էին…



Շարմազանովը տեղն էնպես պինդ էր նստել՝ ի նշան այն բանի, որ Հանրապետականը ամու՜ր կաշի է, ոչ մի տեղաշարժ չկար, նույնիսկ մի պահ ինձ թվաց, թե ոտքեր չունի: Տակ էի նայում, գլուխ էի նայում, ոտք չկա՜ր ու չկա՜ր… Մենակ երկու աչքերն էին ոտքերի փոխարեն տեղաշարժվում, այս ու այն կողմ գնում, երբեմն էլ կանգ էին առնում Հերմինեի շարժուն աչքերի կողքին ու միասին հմայված ժպտում էին:



Ճար չկա, Հերմինեին պիտի հարցնեմ՝ Հերմինե ջան, կներես, Էդոն քանի՞ ոտք ունի: Ներող կլինես, մինչև Ազգային ժողովի նիստի վերջը չկարողացա «կանգնած բռնցնել» ու հաշվել ոտքերի թիվը:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ