Գալուստ Սահակյանը չգիտեր, ԱԺ աշխատակա՞զմն էլ չէր «ֆայմում»

Գալուստ Սահակյանը չգիտեր, ԱԺ աշխատակա՞զմն էլ չէր «ֆայմում»

Երեկ ԱԺ նիստի մեկնարկին ուշագրավ դրվագ տեղի ունեցավ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ հայտարարեց, որ այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ծննդյան օրն է: Պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին իրենց գործընկերոջը: Այնուհետեւ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր նաեւ իրենց վաղամեռիկ գործընկեր, Գերագույն խորհրդի պատգամավոր Սամվել Շահմուրադյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 60 տարեկան:



Երկրի երկրորդ դեմքը, սակայն, կա՛մ չգիտեր, կա՛մ էլ մեկը չկար, որ նրան հուշեր, որ փետրվարի 25-ը ոչ միայն Հովհաննես Սահակյանի եւ Սամվել Շահմուրադյանի, այլ նաեւ հայ մեծանուն զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է, ում շնորհիվ է նաեւ, որ մենք այսօր ծափողջույններով նշում ենք Հովհաննես Սահակյանի, Սամվել Շահմուրադյանի կամ նրանց պես այլ հին ու նոր պատգամավորների ծննդյան օրերը:



«Անդրանիկի ծնունդն ա էսօր, 150-ամյակն ա»,-տեղից հուշեց Սեյրան Սարոյանը, զարմանալով, թե ինչպես կարելի է այդ օրը չհիշել: Գալուստ Սահակյանը շփոթվեց ու մի պահ չհասկացավ, թե ում մասին է խոսքը, բայց դրությունից դուրս գալու համար հպանցիկ ու թեմային անհաղորդ արձագանքեց. «Շնորհավորենք Անդրանիկին», ու անցավ առաջ: Դրանից հետո, երբ օրակարգն էր հաստատվում, վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը, ով էլ իր հերթին հիշեցրեց, որ այսօր մեծ հայորդի զորավար Անդրանիկի 150-ամյակն է լրանում, եւ նշեց, որ այսօր մեր բոլորի տոնն է, որից հետո պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին ու անցան նիստի բուն ընթացքին:



Տարօրինակ է, որ Գալուստ Սահակյանը, ով հսկայական աշխատակազմ ունի՝ բազմաթիվ օգնականներով, խորհրդականներով ու ռեֆերենտներով, մյուս կողմից էլ՝ ԱԺ աշխատակազմը, որը նրա ելույթների ու տեքստերի գլխավոր պատասխանատուն է, թերացել էին իրենց աշխատանքի մեջ: Այն դեպքում, որ առավոտից մամուլն ու պետական տարբեր մարմիններ, հատկապես Երեւանի քաղաքապետարանը, զբաղված էին Անդրանիկի հոբելյանը նշելով: Միջադեպը բավականին վրդովվեցրել էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Հովհաննես Սահակյանի ծնունդը շնորհավորելու մեկնող մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ միաբերան նշեցին, որ «սա ուղղակի խայտառակություն է, չէր կարելի Անդրանիկի մասին չհիշել»:



«Գալուստ Սահակյանը, ենթադրենք, չէր հիշում, լավ, բա մեկը չկա՞ր, որ նրան հուշեր էդ մասին», «բա էդ աշխատակազմի բանուգործի անունն ի՞նչ ա, ես զարմանում եմ ուղղակի», «սա շատ ամոթ բան էր, ո՞նց կարելի ա Անդրանիկի ծննդյան մասին մոռանալ ու չշնորհավորել, սա աշխատակազմի թերացումն ա, պետք է անպայման պատժել աշխատակազմի ղեկավարին ու մյուս պատասխանատուներին»,- նշում էին ՀՀԿ-ական պատգամավորները՝ մեղադրելով եւ ԱԺ նախագահին, եւ ԱԺ աշխատակազմին ու դրա ղեկավարին:



ՀԳ. Լավ կլիներ՝ ԱԺ աշխատակազմն իր տարատեսակ վարչություններով, որ հիմնականում զբաղված է սոցիալական ցանցերում PR անելով, անգրագետ ու լեզվական կոպիտ սխալներով ռեպորտաժներ ու հաղորդագրություններ տարածելով, պետբյուջեի հաշվին ընկերական ճամփորդություններ ու արձակուրդայիններ «դասավորելով» եւ հավաքարարների «պրեմիաները» կրճատելով, մի քիչ էլ գիրք կարդար, պատմություն ուսումնասիրեր, որ իմանար, թե ինչ մեծություններ է ծնել հայ ազգը, եւ, պատգամավորներից բացի, նախեւառաջ մեծ հայորդիների ծննդյան օրերի մասին հիշեր: