Հանրապետականների ֆաշիստական լեզուն

Հանրապետականների ֆաշիստական լեզուն

Վերջին օրերին հանրապետականների լեզուն զգալի մետրերով բոյ է քաշել: Սերժ Սարգսյանի ՀՀԿ խորհրդի նիստի «պատմաքաղաքական» ելույթը շրջադարձային եղավ հանրապետականների համար, եթե մինչ այդ իրենց բերաններում ու հետույքներում մի կերպ կարողանում էին տեղավորել զգուշավոր, թերակերտ լեզուները (եւ իրենք էլ դրա մասին հերոսաբար բարձրաձայնեցին), ապա այսօր բոլոր կապերը բաց են թողնված: Այն, ինչ լսում ենք Ազգային ժողովի ամբիոններից, պարզ ցինիզմ չէ: Իսկական ցինիկ լինելու համար մտավոր ունակություններ ու ճկուն տրամաբանություն են պետք: Այդ իսկական ցինիկը դրսեւորվում է լկտի՝ արհամարհական վերաբերմունքով բոլորի կողմից ընդունված բարոյական նորմերի՝ պարկեշտության ու քաղաքավարության կանոնների հանդեպ:



Արմեն Աշոտյանները, Հերմինե Նաղդալյանները, Վարդան Այվազյանները, Գալուստ Սահակյանները ցինիկ լինելու համար չունեն համապատասխան որակներ, իսկ պարկեշտության ու քաղաքավարության մասին խոսելն իմաստ չունի: Պարզապես Սերժ Սարգսյանի անմիջական ջանքերով հանրապետականների լեզուների տակի ոսկորներն անվերադարձ հեռացվել են: Սա Ս. Սարգսյանի տարիներ ի վեր մշակած մեթոդի վերջնարդյունքն է, եւ ՀՀԿ խորհրդի նիստը նրա կողմից ամբողջատիրությունն իր ստեղծած լեզվով սահմանելու առիթն էր: Հայաստանում ավտորիտար իշխանության ձեւը, որի բնորոշ կողմերն են սահմանադրական իրավունքների եւ ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումն իշխանության շահերին, տոտալ վերահսկողության հաստատումը քաղաքական ընդդիմության եւ այլախոհների հանդեպ, բռնարարքների լայնածավալ կիրառումը, այլեւս դրսեւորվում է իրեն ներհատուկ լեզվով:



Լեզուներն Ազգային ժողովի աթոռներին ու սեղաններին դուրս գցած հանրապետականներն սկսել են քննադատել ընդդիմությանը, «մերկացնել» նրան այնպիսի ջանասիրությամբ, «ճարտարությամբ» ու ագրեսիայով, որ քաղաքականությունից ու իրականությունից լրիվ կտրված մարդը, սրան ականատես լինելով, կմտածի, թե Նյուրնբերգյան դատավարություն է, որտեղ կարդում են ամբաստանյալների մահավճիռը:
Ֆաշիստական հորդային շարունակող հանրապետականներն այսուհետ ավելի շատ են գործի դնելու իրենց առաջին զենքը՝ նողկալի, քրեածին լեզուն, որից հետո կանցնեն արյունալի գրոհների: Անմեղսունակների գազանախումբ: