Նիստն անցնում է Գալուստ Սահակյանի հումորների ու դիտողությունների ներքո

Նիստն անցնում է Գալուստ Սահակյանի հումորների ու դիտողությունների ներքո

Ազգային ժողովում քննարկվում է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը՝ 48-ժամյա ռեժիմում։ Հիմնական զեկուցողը ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն է։ Ոչ իշխանականները, սակայն, դեմ են այս օրենքի նախագիծը նման արագացված ռեժիմով քննարկելուն՝ նախագծում տեսնելով մի շարք խնդրահարույց կետեր, որոնք արժե խորությամբ քննարկել։ Այվազյանը երկու օր շարունակ փորձում է հակառակը համոզել։ Հիմնական ընդդիմախոսները Հրանտ Բագրատյանը, Հեղինե Բիշարյանն ու Արծվիկ Մինասյանն են, ովքեր նաև տեղից են ռեպլիկներով միջամտում Այվազյանի ելույթին։ «Չարաճճի» պատգամավորների այս վարքից Գալուստ Սահակյանի նյարդերը տեղի տվեցին։



Նա նախ դիտողություն արեց Արծվիկ Մինասյանին՝ շեշտելով, որ նրա ելույթից մեկ րոպե հանելու է, որովհետև շուրջ մեկ րոպե է՝ նա տեղից խոսում է։ Հետո տեսավ, որ չեն հանդարտվում «չարաճճիները», որոշեց մի «լավության» առաջարկով հանդես գալ․ «Ես ձեզ համար հատուկ ռեժիմ կսահմանեմ, որ դուք մի լավ վիճեք»։



Դրանից հետո էլ պատգամավորները չհանդարտվեցին, ինչի արդյունքում Գալուստ Սահակյանը, ըստ երևույթին, ընդդիմացող պատգամավորների սրտից բխող որոշում կայացրեց։



«Քանի որ տարբեր բևեռացումներ են առաջացել, այս օրենքը վատ օրենք չէ, ես կհորդորեմ Վարդան Այվազյանին՝ հաջորդ շաբաթվա մեջ քննարկումներ կազմակերպել, որ Հրանտ Բարգատյանն էլ, Հեղենե Բիշարյանն էլ գան մասնակցեն այդ քննարկմանը։ Դե Արծվիկ Մինասյանին չեմ ասում, ասեմ՝ չասեմ, նա գալու է։ Եկեք նստենք քննարկենք, հետո մի պատեհ պահի կքվեարկեք»,-առաջարկեց Գալուստ Սահակյանը։



Նա նաև նկատեց, որ այս ամբողջ վեճերի միակ «մեղավորը» խոսափողներն են, հետո ավելացրեց․ «Ամբողջ մյուս շաբաթում կկռվեք առանց խոսափողների»։



Հրանտ Բագրատյանին էլ հորդորեց այսուհետ շատ խորությամբ չլսել ամեն ինչ, որպեսզի չվիճի ամեն բառի համար։



Հետո տեղից ինչ-որ ռեպլիկ արեց Լևոն Զուրաբյանը, որը կրկին բարկացրեց Գալուստ Սահակյանին․ «Ես ոնց հասկանում եմ՝ Դուք մենակ ոտքից թոփալ չեք, ականջից էլ եք թոփալ։ Ես բոլոր շշուկներն էլ լսում եմ։ Ձեզ որտեղ հասնում է, այնտեղ խոսում եք և ապտակը ստանում եք, հիմա հանգիստ նստե՛ք»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ