Ի՞նչ է սպասվում այն գործարարներին, ովքեր «թռել են Ծառուկյանի վրից»

Ի՞նչ է սպասվում  այն գործարարներին, ովքեր «թռել են Ծառուկյանի վրից»

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Ծառուկյան անձի շուրջ է ամեն ինչ կատարվում ու չպատկերացնել, որ գործընթացն իր բնույթով կարող է ավելի լայն շրջանակներ ընդգրկել: Մտածե՞լ եք, թե ինչ է սպասվում այն գործարարներին, ովքեր «թռել են Ծառուկյանի վրից» /ժարգոնի համար ներողություն/:



Երևի մտածել եք, որ նրանք դուրս են գալիս չոր ափ, ուր նրանց դիմավորելու են ծաղկեփնջերով ու պսակներով: Համենայն դեպս մինչ հիմա արձագանքները չեն անցնում «առնետային թռիչքի սահմաններից» ու փրկության լույսի առկայծումներից:



Շա՜տ հետաքրքիր խաղ եմ տեսնում այստեղ, շա՜տ հետաքրքիր: ԲՀԿ կուսակցության մեջ մնացողները կարող են շահել՝ անկախ, թե ում կնշանակեն կուսակցության նախագահ: Կուսակցությունը մնալու է իշխանության կառավարելիության շրջանակներում: Իսկ նրանք, ովքեր շտապել ու ժամ առաջ դուրս են թռել՝ բիզնեսը փրկելու փափագով, թրից փախչելով, ընկնելու են ջրի բերան: Հենց սա է խաղի իմաստը՝ տիրելու համար բաժանել: Հայտնվելու են մեկ- մեկ ջարդվելու վտանգի առաջ:



ժողովուրդը անտարբեր է լինելու, իսկ կուսակցությունը իբր թե «զտման աշխատանքներով է զբաղվելու»:



Ընդհանուր առմամբ փորձ է արվելու կոտրել օլիգարխիկ համակարգի մի թևը, բայց քանի որ համակարգը մարմնի նման է, թև կոտրելը անցավ չի լինելու մարմնի համար: Թուլանալու է համակարգը:



Գագիկ Ծառուկյանը որպես անձ չի, ինչպես նրան համարում են. նա համակարգի մի մասն է՝ հնից եկող իր արմատներով: Արմատներ, որոնց վրա կանգուն է մնացել գործարարը, օլիգարխիկ համարակարգի մի թևը: Ծառուկյանը պահպանել է օլիգախիկ երկգլխանի համակարգի հավասարակշռությունը:



Մի գլուխը կտրելով, ինչքան էլ այն զգույշ արվի, ցնցում է ապրելու ողջ համակարգը: Անցավ չի լինելու նաև հանրության համար: Այնուամենայնիվ, դրա մեջ նոր բան եմ տեսնում. համակարգը կարող է մի փոքր տատանումից հեշտությամբ փլուզվել: Որովհետև դա այնքան էլ «հեշտ վիրահատություն չի»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ