Գնալու է հանրահավաքին, որպես քաղաքացի

Գնալու է հանրահավաքին, որպես քաղաքացի

Ընդդիմադիր շարժումների անդավաճան աջակից, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչը, անկախ ներքաղաքական գործընթացների ընթացքից, կիրակի օրը մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ գնալու է որպես քաղաքացի: «Ինձ շատ հետաքրքրում է, թե այնտեղ ինչ է ասվելու, այդ պատճառով գնալու եմ եւ հետեւելու եմ հանրահավաքին ժողովրդի շարքերից»,-ասել է Կարապետիչը:



Նա նույն եռանդով մասնակցում էր նաեւ ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին եւ պատրաստ էր աջակցել Ծառուկյանին մինչեւ վերջ: Համաժողովրդական շարժման աջակիցներից էր նաեւ «Առաքելություն» կուսակցությունը: Եռյակի բաժանվելուց հետո ո՞ր ուժի հետ է համագործակցելու «Առաքելությունը»: Կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանն ասել է. «Մեր գործունեությունը որեւէ կուսակցության հարթակում չի գտնվել, մեր դիրքորոշումն ենք ունեցել, միացել ենք այն պրոցեսին, որը որ վերջին մի քանի ամիսներին ընթանում էր:



Կուսակցության մոտեցումները (նկատի ունի՝ ԲՀԿ-ի), որ առկա են խնդիրները, եւ առաջարկում էր լուծում՝ իշխանափոխության պահանջով, համընկել էր շարժման հետ, դիրքորոշումը չի փոխվել: Կարծում եմ, որ իրավիճակը չի փոխվել, ովքեր այդ պահանջը կակտիվացնեն, մենք պատրաստ ենք համագործակցել, մաս կազմել գործընթացին»: Մ. Առաքելյանը խուսափել է որեւէ անուն նշելուց՝ ասելով, որ կոնկրետացումը թերեւս առաջիկայում կլինի: Իսկ մարտի 1-ի հանրահավաքին անպայման մասնակցելու են: