Ո՞վ է մեղավոր

Ո՞վ է մեղավոր

Ցանկացած վեճ, որի ժամանակ կողմերը խախտում են բարեկրթության կանոնները, տհաճ է ու մասնակիցներին վարկաբեկող: Անգամ ամուսինների վեճի մեջ մի սահման պիտի լինի, որն անցնելը պետք է համարվի անթույլատրելի: Մարդիկ միշտ պետք է թողնեն մի փոքրիկ կամուրջ՝ հարաբերությունները վերականգնելու համար: Եվ դա առաջին հերթին վերաբերում է քաղաքական գործիչներին, նախկին զինակիցներին: Այս առումով Նիկոլ Փաշինյան-ՀԱԿ վեճը, անշուշտ, անցել է թույլատրելիի սահմանը: Եվ այսօր կարեւոր էլ չէ, թե ով է առաջինը հատել այդ սահմանն ու այրել կամուրջները: Միշտ պետք է մեղադրել ավելի իմաստունին, ավելի շրջահայացին, տարիների ու կյանքի ավելի մեծ փորձ ունեցողին:



Մանավանդ «իմաստունի» դեմ ելել է ոչ միայն տարիքով ու փորձով նրան մեծապես զիջող Նիկոլ Փաշինյանը, այլեւ ՀԱԿ-ի նախկին անդամներ, որոնք այս ուժի հետ ճանապարհ են անցել, զրկանքներ կրել, ծրագրեր կազմել, հավատացել ու սպասել նրա հաղթանակին: Ինչպե՞ս կարող են իրարից շատ տարբեր բազում մարդիկ՝ Դավիթ Շահնազարյան, Պետրոս Մակեյան, Ալիկ Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, Արարատ Զուրաբյան, Խաչատուր Քոքոբելյան, Միքայել Հայրապետյան, Արամ Սարգսյան եւ այլք, միահամուռ սխալվել: Եվ այս անձանց ու ՀՀ առաջին նախագահի «վեճի» մեջ արդարացի լինի վերջինը, ում խելքի ու քաղաքագիտական մտքի վրա հիացած ենք բոլորս:



Ինչպե՞ս պատահեց, որ Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ անցած, նրան շատ բանով պարտական, նրան միանձնյա լիդեր համարող այս մարդիկ հանկարծ դուրս եկան իրենց առաջնորդի դեմ: Երես թեքեցին նրանից, սկսեցին քննադատել նրան: Թերեւս արժե, որ ՀՀ առաջին նախագահը հենց այս հարցի վրա կենտրոնանա եւ իր առաջիկա քաղաքագիտական վերլուծությունը հենց սրան նվիրի՝ անշուշտ, նաեւ սեփական սխալների գիտակցումով: