ԼՂՀ-ում ընտրությունների արդյունքը ընտրություններից առաջ են որոշում

ԼՂՀ-ում ընտրությունների արդյունքը ընտրություններից առաջ են որոշում

Հայտնի է ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրության օրը՝ 3 մայիսի, 2015 թվական, եւ Արցախի քաղաքական ուժերն արդեն պատրաստվում են այդ օրվան: Սպասվում է, որ բոլոր խորհրդարանական ուժերը՝ «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական կուսակցություններն ու ՀՅԴ-ն, մասնակցելու են ընտրապայքարին: Ազատության եւ ժողովրդավարության անունների տակ բացառապես իշխանական կուսակցություններ են. «Ազատ հայրենիքի» նախագահը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն է, իսկ Արցախի ԺԿ-ն ղեկավարում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:



Ընդդիմությունից այս պահի դրությամբ կանխատեսվում է երկու ուժի մասնակցություն՝ «Ազգային վերածնունդը», որը ղեկավարում է երիտասարդ միջազգայնագետ Հայկ Խանումյանը, եւ «Շարժում 88» կուսակցությունը, որն անցյալ ընտրություններին չի մասնակցել, իսկ մինչ այդ, 2005 թվականի ընտրություններին, դաշինք է կազմել ՀՅԴ-ի հետ: Վերջինիս ղեկավարն է 2004 թվականին Ստեփանակերտի քաղաքապետ ընտրված Էդիկ Աղաբեկյանը, որը ԼՂՀ միակ ընդդիմադիր քաղաքապետն է եղել:



Իսկ նախագահական ընտրություններում «Շարժում 88»-ը պաշտպանել է Վիտալի Բալասանյանի թեկնածությունը: Վերջերս այդ կուսակցությունն ակտիվացել էր Բերձորի դեպքերի օրերին եւ նույնիսկ դատապարտող հայտարարություն տարածեց: «Ժողովրդի վատ տրամադրություններն իշխանությունների հանդեպ սրվել են հատկապես բերձորյան իրադարձությունների հետ կապված: Եթե ընտրությունները չկեղծվեն, ապա մեզ հետաքրքիր արդյունքներ են սպասվում»,- ասաց Արցախի երիտասարդ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:



- Իսկ հնարավո՞ր է, որ չկեղծվեն: Ի՞նչ կանխատեսում ունեք այս ընտրությունների հետ կապված:



- Պետք է հասկանալ, որ իրականում թղթի վրա են երեք խորհրդարանական կուսակցությունները, եւ իրականում դրանք բոլորն իշխանական բեւեռն են ներկայացնում: Ընտրությունների արդյունքները նրանք ընտրություններից առաջ են բաժանում, այսինքն, պայմանավորվում են տարբեր տեղամասերում, եւ որեւէ տարբերություն չկա այս երեք ուժերի մեջ: Ինչ որ որոշեցին, այնպես էլ լինելու է: Արցախում որեւէ լուրջ ակնկալիքներ չկան:



- Կա՞ն արդյոք խոշոր գործարարներ կամ օլիգարխներ այս ուժերի հետեւում:



- Եթե խոսում ենք լուրջ օլիգարխների մասին, ապա Արցախում չի կարելի խոսել որեւէ մեկ օլիգարխի մասին, որը որեւէ մեկ կուսակցության մեջքին կանգնած լինի: Սրանք բոլորը մեկ բեւեռ են, եւ լուրջ տարբերություն չկա: Նախագահը, վարչապետն ու փոխվարչապետն են դրանց հետեւում, եւ նրանք ոչ թե հրապարակային քաղաքականությամբ են զբաղվում, այլ ստվերային, նստում են միասին կուլիսների հետեւում եւ կաբինետներում որոշում են, թե ոնց բաժանեն ժողովրդի քվեն, որ բոլորը շահեն:



- Ռոբերտ Քոչարյանը կունենա՞ ընտրություններում որեւէ ֆավորիտ ուժ կամ թեկնածու:



- Իմ կարծիքով, չկա նման ուժ: Ռոբերտ Քոչարյանն Արցախում որեւէ ինստիտուցիոնալ հենք չունի: Նա միայն կունենա այն դեպքում, եթե հասնի Հայաստանում իշխանության: Այդ դեպքում ողջ համակարգը կսպասարկի նրան:



- Ի՞նչ տրամադրություններ կան ԼՂՀ-ում Բերձորի դեպքերից հետո: Ասում եք, որ մարդիկ վա՞տ են տրամադրված:



- Առաջին հերթին պետք է կարողանալ տարբերել իշխանական ՀԿ-ների, Հանրային հեռուստատեսության, վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների հրապարակած կարծիքները հասարակ ժողովրդի կարծիքից: Այս իրադարձությունների հետ կապված՝ մարդիկ խիստ բացասական են տրամադրված: Մի մասին իշխանությունները խաբել են եւ այլ կերպ են ներկայացրել ավտոերթի նպատակը, բայց Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ծեծի փաստը, այն, որ արցախյան ազատամարտի մասնակիցներին դաժանաբար ծեծել են, խիստ վրդովմունք է առաջացրել հասարակ մարդկանց մոտ: