Արտախորհրդարանական նոր դաշինքը դեռ չձևավորված՝ փլուզվում է

Արտախորհրդարանական նոր դաշինքը դեռ չձևավորված՝ փլուզվում է

Արտախորհրդարանական մի շարք ուժեր, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ, ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել քաղաքական վերջին զարգացումներից առաջ. Հայրիկյանի ասելով, ուղերձները տարածել են դեռեւս հունվարի 12-ին, իսկ առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 9-ին, երբ ընդդիմադիր դաշտից դեռ չէին վտարել ԲՀԿ-ին: Ուշագրավ է, որ Հայրիկյանի թվարկած 7 ուժերի մեջ նաեւ «Ժառանգություն» կուսակցությունն է, որը, զուգահեռ եռյակի ֆորմատին, բանակցությունների մեջ է մտել նաեւ այլ՝ ԵՏՄ-ի դեմ հանդես եկող ուժերի հետ, որոնք են՝ ԱԻՄ-ը, ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, որոնք, Հայրիկյանի ասելով, արդեն հասցրել են չորս համատեղ հանդիպման մասնակցել, որոնց արդյունքում պետք է գործողությունների ծրագիր մշակվի:



Երեկ պարզեցինք, սակայն, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցության առաջարկ ստացել է, բայց չի մասնակցել 4 քննարկումներից ոչ մեկին: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը եւս հաղորդագրություն տարածեց, որում ասված է. «Հիմնադիր խորհրդարանը տարբեր ձեւաչափերով խորհրդակցական հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ: Նույն սկզբունքով Հիմնադիր խորհրդարանը մասնակցել է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումներին: Հանդիպումները ցույց տվեցին, որ դրանց ընթացքը չի համընկնում Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Այդ պատճառով Հիմնադիր խորհրդարանը դադարեցնում է իր հետագա մասնակցությունը դրանց»: Խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանին հարցրինք՝ կոնկրետ ի՞նչը չի համընկնում իրենց ծրագրին: «Մեզ չգոհացրեց, թե նրանք գործնականում ինչ էին առաջարկում, հասկանալի է, թե ինչ են ուզում, բայց իրենք որեւէ գործնական առաջարկություն չեն արել, բացի մոտեցումներից եւ ցանկություններից, բնականաբար, այդպիսի քննարկումները շարունակելն անիմաստ ենք համարում»: Ի դեպ, Հիմնադիր խորհրդարանը երկու հանդիպմանն է պաշտոնապես ներկայացուցիչ ուղարկել՝ մեկ անգամ, ի դեմս Գարեգին Չուգասզյանի, Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցել ոչ մի հանդիպման:



Ընդդեմ ԵՏՄ-ի ալյանսում ի՞նչ տեղ է զբաղեցնում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը. մեր հարցին պատասխանելիս կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը նախ ընդգծեց, որ բացի այն, որ իրենք դեմ են ԵՏՄ-ին, իրենց համար սկզբունքային է ՀՀ-ն եվրաինտեգրացիոն ճանապարհով տանելը, ապա հայտնեց, որ չնայած Պարույր Հայրիկյանն ընդհանուր ֆորմատ ստեղծելու առաջարկ կուսակցությանն արել է՝ ԱԴ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հետ հանդիպման ընթացքում, սակայն ԱԴ-ն որեւէ հանդիպման չի մասնակցել: «Մենք դեռ հստակ որոշում չունենք՝ կմասնակցենք, թե ոչ»,- փոխանցեց խոսնակը: Մեր տեղեկություններով, ԱԴ-ն եւս կմերժի Հայրիկյանի առաջարկը՝ համարելով այն ոչ հեռանկարային համագործակցություն, քանի որ «Ժառանգության» հետ ձախողված համագործակցության արդյունքները բավարար են, որ նոր փորձեր այս կուսակցության հետ չարվեն: Բոլորը հիշում են Խաչատուր Քոքոբելյանի եւ «Ժառանգության» կոնֆլիկտը՝ համատեղ ցուցակով ԱԺ մտնելուց հետո:



Ի դեպ, «Ժառանգության» կողմից քննարկումներին մասնակցում են առաջին դեմքի մակարդակով, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նաեւ երբեմն-երբեմն Զարուհի Փոստանջյանն է ներկայացել քննարկումներին, որն ակտիվ ժառանգականներից հայտնի է իր հակաեռյակային դիրքորոշմամբ, իսկ վերակազմյալ ՀՀՇ-ից մասնակցել են Ալիկ Արզումանյանը, Կարեն Կարապետյանը, Պահպանողականները՝ նույնպես առաջին դեմքի մակարդակով: Ընդ որում, առաջին հանդիպումն էլ կայացել է հենց «Ժառանգության» գրասենյակում:



«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, որ նույնպես մասնակցել է հանդիպումներին, համարում է, որ դաշտում լիբերալ ուժերի դաշինք ձեւավորելու մտադրություն կա. «Բարդ է այսօր վերջնական արդյունքների մասին խոսել, կհաջողվի՞ նոր ընդդիմադիր բեւեռ ձեւավորել, թե ոչ, բայց քննարկումները կոնստրուկտիվ են գնում, փորձում ենք քաղաքական օրակարգը քննարկել, հասկանալ, լսել յուրաքանչյուր քաղաքական ուժի մոտեցումները, որտեղ կան հակասություններ, եզրեր գտնել, կարելի է ասել՝ դեռեւս խորհրդատվական քննարկումներ են, իսկ մեր վերջնական նպատակը Հայաստանում ստեղծված այս վիճակը հնարավորինս փոխել, երկրում սահմանադրական կարգ հաստատելն է, թե արդյունքում ինչ կստացվի, ինչ գործողությունների կգնանք, ես դեռ չեմ կարող ասել»: Մակեյանն ասաց, որ հրավիրելու են նաեւ Հրանտ Բագրատյանի կուսակցությունն ու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: