Նորի՞ց այլընտրանք

Նորի՞ց այլընտրանք

ԲՀԿ-ն վերջին ալեկոծությունից հետո երեկ առաջին ստուգատեսն անցավ խորհրդարանում, եւ ուրվածվեց, թե որ դաշտում է մարտի 5-ից հետո այդ կուսակցությունը տեղավորվելու: Թեպետ հավաստի լուրեր կան, որ համագումարից հետո ԲՀԿ-ն կհայտարարի, որ ընդդիմադիր է եւ ԱԺ-ում հանդես կգա այդ կարգավիճակով, բայց իրականում այն կգործի իր նախկին՝ այլընտրանքային ոճում: Խորհրդարան եկած ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկը երեկ այդպես էլ ուղիղ չասաց՝ պահանջելո՞ւ են Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ ոչ: Ավելին՝ Վահան Բաբայանը հայտարարեց, որ, իր կարծիքով, այլեւս չի պայքարի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համար: ԲՀԿ-ականներն ասվածն ապացուցել են իրենց դիրքորոշմամբ ու ձեռնպահ են քվեարկել «Շահութահարկի մասին» աղմկահարույց օրինագծին, որը, ըստ ընդդիմադիրների, նոր մենաշնորհ կսահմանի արտահանման ոլորտում:



Նոր օրենքով նախատեսվում է շահութահարկը 20-ից հասցնել 2 տոկոսի այն ընկերությունների համար, ովքեր Հայաստանից կկազմակերպեն 40 միլիարդ դրամի արտահանում: Նախագիծը համարվել էր հրատապ եւ ընդունվել արագացված ընթացակարգով: Իշխանության շտապողականությունը քաղաքական շրջանակներում բացատրվում էր ծայրահեղ իրավիճակով, արտահանման ծավալների էական անկումով: Ավելին, որոշ տեղեկություններով, այդ օրենքի ընդունման հարցում մեծ է վարչապետ Հովիկ Աբրահամյանի շահագրգռությունը, ով կարող է դրա արդյունքները վերագրել իր գործունեությանը:



Նշենք, որ ընդդիմադիրները դեմ քվեարկեցին օրենքին, բացառությամբ ՀՅԴ-ականների, որոնք ԲՀԿ-ի պես ձեռնպահ գտնվեցին, իսկ ՕԵԿ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը: Ուշագրավ է, որ ԲՀԿ խմբակցության անդամ, բայց կուսակցությունից դուրս գալու դիմում գրած Ռուստամ Գասպարյանը դեմ քվեարկեց, Արագած Ախոյանը՝ կողմ, Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, Կարո Կարապետյանը՝ նույնպես: