Առանց Ծառուկյանի էլ ի՞նչ ԲՀԿ

Առանց Ծառուկյանի էլ ի՞նչ ԲՀԿ

Այն օրերին, երբ ԲՀԿ-ն դեռ առյուծասիրտ էր ու իշխանատենչ, երբ բարձրաձայնում էր իշխանափոխության մասին, ԲՀԿ-ի հետ հույսեր էին կապում լուսանցքում հայտնված մի շարք քաղաքական ուժեր ու գործիչներ: Նրանցից ոմանք ավելի բարձր էին գոռում իշխանափոխության մասին, քան ինքը՝ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն: Ծառուկյանի փողերն ու երբեմնի հզորությունը ուժ ու զորություն էին տալիս նրա շուրջ պտտվող «արբանյակներին»: ԲՀԿ-ի կազմաքանդումից ու Ծառուկյանի հրաժարականից հետո նրանց ձայնի տոնը կտրուկ իջավ, անգամ՝ իսպառ մարեց: Նրանցից ոմանք, սակայն, պատրաստ են դեռ ինչ-որ ձեւաչափով համագործակցել Նաիրա Զոհրաբյանի գլխավորած ԲՀԿ-ի հետ, միայն թե սպասեն, տեսնեն ինչ է լինում՝ նոր:



Օրինակ, ԲՀԿ-ի հետ համագործակցող «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հիմա էլ պատրաստ է համագործակցել այդ ուժի հետ, եթե իրենց կողմից առաջարկ արվի, քանզի նա այնտեղ ունի բազմաթիվ լավ ընկերներ ու գոնե ընկերական մակարդակում խորհրդակցելու առումով պատրաստ է: Նկատենք, որ Իսագուլյանը, ինչպես եւ շատ-շատերը, ԲՀԿ-ի հետ աշխատում էր Գագիկ Ծառուկյանի անձով պայմանավորված: Այսօր Ծառուկյանը չկա, եւ չկա նաեւ ԲՀԿ-ն՝ մեծ հաշվով: ԲՀԿ-ից լայնածավալ արտահոսքն էլ պայմանավորված է հենց Ծառուկյանի անձով՝ հավաքվել էին նրա անձի շուրջ: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին՝ որպես ԲՀԿ նորընտիր ղեկավարի, Իսագուլյանը կարծում է, որ նա կարող ուժ է եւ եթե ամբողջությամբ ընկղմվի նոր ծավալվող գործընթացների մեջ եւ փորձի իրականացնել իրենց առջեւ դրված ծրագրերը, ապա… «Աստված իրենց հետ, հաջողություն եմ մաղթում»:



Ստացվում է՝ մարդ-կուսակցությո՞ւն էր ԲՀԿ-ն՝ Ծառուկյանը կար, ԲՀԿ-ն կար, նա չկա, ԲՀԿ-ն, ըստ էության, փլուզվեց: Իսագուլյանն ասաց. «Փլուզման մասին դեռ եկեք չխոսենք, բայց որ շատերի վերաբերմունքը պայմանավորված էր իսկապես պարոն Ծառուկյանով, էդտեղ որեւէ խնդիր չկա, եւ ես կարծում եմ՝ Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններում էսօր անհատի դերակատարությունը բավականին մեծ է»: ԲՀԿ-ին կհաջողվի՞, ինչպես իրեն հռչակել է, դառնալ ու մնալ ընդդիմություն, թե՞ կանցնի իշխանության հսկողության ներքո: Պարոն Իսագուլյանն ասաց, որ դա կախված է ԲՀԿ ղեկավարության հետագա գործունեությունից: «Եթե նման բան տեղի ունենա, մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Հայաստանը ոչ անծայրածիր Ռուսաստանի Դաշնությունն է, ոչ էլ բազմամիլիարդանոց Հնդկաստանը կամ Չինաստանը, եւ եթե նման բան տեղի ունենա (նկատի ունի իշխանության կողմից վերահսկումը), ապա դա շատ արագ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ մնացած քաղաքական ուժերը կտեսնեն, եւ կնշանակի, որ ԲՀԿ-ն, որպես անկախ գործող քաղաքական միավոր, կդադարի գոյություն ունենալ»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ համագործակցությունն ուրիշ բան է, վերահսկողությունը՝ ուրիշ:



«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարծիքով էլ՝ Գագիկ Ծառուկյանը նախագահի հետ վերջին հանդիպումից հետո հայտնվել էր պատանդի կարգավիճակում, նրա նկատմամբ եղել են ճնշումներ, իսկ պատանդից որեւէ մեկը չի կարող պահանջներ ունենալ: Նրա կարծիքով՝ այդ ճնշումների ու պատանդության մասին հարկավոր էր դրանից հետո անցկացված համագումարում ասվեր բաց տեքստով. «Ի վերջո, տոտալ ճնշումների, ահաբեկչության դեմ միակ պայքարը հրապարակային պայքարն է, եւ համագումարում էդ հարցերը պիտի քննարկվեին, եւ ԲՀԿ-ն պիտի բաց համագումար աներ, եւ համոզված եմ՝ նաեւ իշխանությունների ճնշման տակ է եղել էդ փակ համագումարը»:



Ըստ նրա՝ ԲՀԿ-ն վաղուց ընդդիմություն էր եւ այն ընդդիմությունն էր, որից իշխանությունները սարսափում էին: Բայց նրա համար ԲՀԿ-ն այն ԲՀԿ-ն է, որը պատասխանել է Սերժ Սարգսյանին, այսինքն՝ նկատի ունի Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն եւ Ծառուկյանի ելույթի տեքստը՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի ելույթի: Հարությունյանն ավելի հեռուն գնաց. նրա կարծիքով՝ չէր բացառվում, որ Սերժ Սարգսյանը, պատանդի կարգավիճակում պահելով Ծառուկյանին, «օրերից մի օր օգներ նույն Ծառուկյանին՝ ինքնասպան լինել»: Հարցին՝ Նաիրա Զոհրաբյանին կհաջողվի՞ ԲՀԿ-ն պահել որպես ընդդիմադիր ուժ, Ա. Հարությունյանն ասաց. «Ես էդ թեմայով չեմ ուզենա խոսել, որովհետեւ, կրկնում եմ, գործ ունեմ ԲՀԿ-ի փետրվարի 13-ի ելույթի տրամաբանության հետ»: Հարությունյանն ինֆորմացիա ունի, որ ամենաստոր միջոցներով ճնշումներ են եղել Ծառուկյանի վրա, ընդհուպ՝ ընտանիքին սպառնալը: