Նախագահականում «ձեռ բռնելու» օր էր

Նախագահականում «ձեռ բռնելու» օր էր

Սերժ Սարգսյանը սկսել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումները: Այդ նպատակով այսօր նախագահականում են եղել թե այն ուժերը, որոնք պաշտպանում են սահմանադրական բարեփոխումների՝ նախագահի գաղափարը, թե նրանք, որոնք կասկածում էին այդ գաղափարի հաջողվածությանը և թե նրանք, որոնք կտրականապես մերժում էին նույնիսկ քննարկել հարցը նախագահի հետ:



Պրոցեսը, կարծում ենք դեռ կշարունակվի և կշարունակվի այնքան, որ ոչ մեկի մոտ կասկած իսկ չմնա, թե այս հարցը լայն քաղաքական կոնսոլիդացիա չի ապահովել:



Արդեն այսօր իսկ հյտնի դարձավ, որ այդ հարցը ոչ միայն լայն կոնսոլիդացիա է ապահովել, այլև առանձին քաղաքական ուժերի հույս ներշնչել, որ հենց սա է քաղաքական կյանքում շնչել-արտաշնչելու իրենց բացառիկ հնարավորությունը:



Մի խոսքով՝ այսօր նախագահականում «ձեռ բռնելու» օր էր, մի տարբերությամբ միայն, որ գերեզմաններում սգո հանդիսականներն են հերթով մոտենում մեռելատիրոջն ու ցավակցում, իսկ այս դեպքում մեռելատերերն էին հերթ կանգնել, որ նախագահն իրենց ցավակցի: Իսկ նախագահը դա անում էր ամենայն սիրով ու դեմքի համապատասխան արտահայտությամբ: Հանուն շնչել-արտաշնչելու այս մասսան կողմ էր սահմանադրական բարեփոխումներին, մինչդեռ երեկ երդվում էր, որ այս ամենը վերարտադրության համար է արվում:



Միանում ենք Սերժ Սարգսյանի բոլոր ցավակցական խոսքերին:



Էդիկ Անդրեասյան