Կորածներին գտնելու գործընթաց

Կորածներին գտնելու գործընթաց

Մինչ մոլորակը փնտրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ բազում ապացույցներ բերում այն մասին, որ նա վատառողջ է, եւ շուրջ մեկ շաբաթ նրան ոչ ոք չի տեսել, իսկ նրա մասին բոլոր հաղորդում-տեսանյութերը հին են, Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունենում նրա հետ՝ փորձելով հերքել այդ տեղեկությունները: Անշուշտ, ՀՀ նախագահի պաշտոնական կայքին եւ նախագահական ինստիտուտին ընդհանրապես կեղծիքի մեջ մեղադրելու հիմքեր չունենք եւ իրավասու չենք, բայց սա շատ նման է ԵՏՄ-ի շրջանակներում ծուղակում հայտնված երկրի նախագահի կողմից «մեծն տիրակալին» մատուցված հերթական ծառայության: Երբ հանրային հետաքրքրությունը բավարարելու եւ սեփական դիրքերը չթուլացնելու համար «մեծ եղբայրը» կրկին օգտվում է «փոքր եղբոր» հարեհաս աջակցությունից:



Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը երեկ կորածներին գտնելու գործընթաց էր ձեռնարկել՝ նախագահական նստավայր հրավիրելով այնպիսի կուսակցությունների ու անձանց, ովքեր վաղուց չէին երեւացել ասպարեզում, եւ որոնց մասին հանրությունը կամ մոռացել էր, կամ ուզում է մոռանալ: Անհետացածներին ու անհետացողներին նորից կենդանացնելու «ազնիվ» գործն ստանձնած նախագահը, անշուշտ, սրանց հանդեպ մեծ սիրով չի այրվում, նա էլ իր շահերն ունի: Ի վերջո, ինչպե՞ս բեմականացնես սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի սցենարը, եթե չհիշես 3 հոգանոց կուսակցությունների գոյությունը եւ նախագահական նստավայրում հայտնվելու հեռանկարից ոգեւորված այդ կուսակցականների հետ չլուսանկարվես ու հանրությանը չմատուցես: Այդ լուսանկարներից անգամ ակնհայտ երեւում էր, թե որքան են շոյվել հրավերից մեր կուսակցական գործիչները: Ինչպես են մոռացել հակասահմանադրական բոցաշունչ ճառերն ու նախագահականի սցենարի մեջ տեղավորվել: