ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 3 կուսակցություններ

ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 3 կուսակցություններ

ԼՂՀ ընտրական հանձնաժողովներում շարունակվում են ընդունվել 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու համար առաջադրվող քաղաքացիների և կուսակցությունների հայտերը:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա մարտի 17-ի տվյալներով` համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել երեք կուսակցություններ` Կոմունիստական կուսակցությունն ու «Շարժում-88» կուսակցությունը` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ:
ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության 11 ընտրատարածքներից 9-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 19 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 5-ը ինքնաառաջադրման ձևով:
Երկուական թեկնածուներ առաջադրել են «Ազատ Հայրենիք» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունները», 3-ը` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 7-ը «Շարժում-88» կուսակցությունը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 10-ն անկուսակցական են: Առաջադրումների մասին ավելի մանրամասն տեղեկություններ, այդ թվում` առաջադրված քաղաքացիների վերաբերյալ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի առաջադրումների վերջնաժամկետին հաջորդող օրը` մարտի 20-ին: