Սատանան ու Մերուժը

Սատանան ու Մերուժը

Աղքատ Մերուժի թևը մտած` կարմիր լույսի վառվելուն պես անցումը հատում է Սատանան` Մերուժի թևից քաշքշելով, ճնշելով նրան, հրելով, ապտակելով, վերջում էլ քացով դեպի անցումի կենտրոնն է հրում սրան` կատաղած մեքենաների ազդանշանների վրա չարախնդալով, թե իրեն բան չի լինի հարվածից, բայց Մերուժի վերջը հիմա կգա: Ու ասում է.



_Լավ էր դու ծնված չլինեիր, որովհետև որ ծնվեցիր, այդ էր մեղքդ, ու դա մեղք է լիուլի, մեղք է բավական մեծ` որ վզիցդ մի պարան գցեմ ու հենց էստեղ, էս անցումի զեբրին կապեմ, թեկուզև մեխ չկա, բայց հիմա խոսքով կհիպնոսացնեմ քեզ ու տեղումդ կմնաս ու կհասկանաս, որ լավ էր` չծնվեիր, բայց եթե ծնվել ես, միակ անելիքդ մեռնելն է, ու ինչքան շուտ, էդքան լավ: Ու բոլորի ելքն էլ այդ է, որովհետև եթե ծնվել են, պիտի փոշմանեն, ու կյանքի ընթացքում կամաց-կամաց փոշմանում են ու հետո սխալը հասկացած` մեղա գալիս իրեն ծննդյան մեծագույն մեղքի համար ու մեռնում:
Քիչ անց ասում է.



_Ու էդ մռութդ էս գյադեքի ձեռքով էս փոշու մեջ եմ թաթախում, էս անցումի փոշու, որով քանի~ փոշմանած ոտք է գնացել-եկել, որ գլուխդ վեր չհանես ու արևին չնայես, որ հանկարծ մտքովդ չանցնի հույս առնել: Հույս ասածը չկա, սուտ բան է, ու եթե կա էլ, մահկանացուի համար չէ`
Մահ դու կաց, ես կամ` դուռդ բաց:



Մտքովդ չանցնի գլուխդ ասֆալտից վեր բարձրացնես: Արևը հույս է, ու հույսից թունավոր դեղ գիտնականի մտքով դեռ չի անցել. թևավորում է, ու մինչև ամպերը քշում հոգիդ, բայց որ ներքև նայեցիր /իսկ ներքև անպայման նայելու ես, բոլորն էլ նայում են/ գլխակորույս ներքև ես սլանալու ու մեռնելու ես` գլուխդ էս փոշու վրա ջնջխված: Մեռիր, ասում եմ, հիմա մեռիր, որովհետև ինչքան ձգես, էնքան վատ, էնքան ցավոտ ու էնքան դանդաղ: Կամաց-կամաց:



Գլուխդ վեր բարձրացրիր, հա ուրեմն: Էդ խանութը չմտնես: Չմտնես, ասում եմ, որովհետև էդտեղ վաճառվողը քեզ համար չի, ինչքան էլ գլուխդ էդ ասֆալտին քաշ գցած քեզ քարշ տաս փողոցով, էլ էս էն դարը չի~, էլ էն անջատվածը չկա~, որ իր փողը գետնին գցի ու դու բարձրացնես ու էդ խանութը մտնես:
Էն հարուր դրամանոց հացերը մտքիցդ հանի:
Քեզ ասում եմ` քեզ համար չի կյանքը, ու դու նրա համար չես, դու էն անցումի վրա որ մի քիչ ոտդ կախ գցեիր, ճակատագիրը կգար ու քթիցդ կբռներ…Ու կպրծնեինք:



Հը~, համոզվեցի~ր, որ հարյուր դրամանոց հաց չկա... Ապրի արևդ…
Ի~նչ, բայց բուլկի կա հարուր դրամանո~ց…
Տո ես քո…Հը, ոնց է, էլի է~ հարուր դրամանոց է~…
Որ ասում եմ` չկա, չկա, էլի:
Ճամփեդ գնա:
Սրա~ն տեսեք, հաջողել է ուզում:
ԱՆցումը` կա ու կա:
Գնա~նք:
Էլի կդիմանա~ս:
Լավ, ուրեմն էս կողմն արի:



Սովը ջհանդամը, բայց դու էս մթի ամպի~ն նայիր, որ պարուրում է ուղեղիդ մսե խորդուբորդը…Այ թե տեղ է գտել սողոսկելու, այ ճաշակ եմ ասե~լ, այ քեզ գարշելի բնակարան…Լավ է ես դեռ դրսից եմ գործում:
Բա~, սրա ձեռը հաստատ չես ձգի: Թե առանց հաց մի երեսուն-քառասուն օր կձգեիր, հիմա էլ չես ձգելու:
Միասին քեզ կսպանեն:
Վերջ, ես հանգիստ եմ արդեն:



Դե, բարի ժամանց, ձեզ, ախպերություն` Անհաց ու Ընկճված: Էն ինչ որ խղճիս տեղը պիտի լիներ, հիմա հանգիստ է, ու ես սրանից ձեռ եմ քաշում ու գնում եմ տուն: Դժոխք: Էն, ինչ ես քառասուն տարում չկարողացա գլուխ բերեմ սրա հետ, երկուսով երեսուն օրում կանեք:
Մերուժ, լավ ձեռքերում ես դու, ախպեր, ես գնացի: Կհանդիպենք,_ճպում է մի աչքն ու պոչը քարշ տալով, մի դժնդակ ռոք երգելով` վերադառնում դժոխք:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ