Ցամաքած կամրջի տերերը (լուսանկարներ)

Ցամաքած կամրջի տերերը (լուսանկարներ)

«Ցամաքած կամուրջ» (Сухой мост). այսպես են կոչում Թբիլիսիի կենտրոնով անցնող կամուրջն ու դրա հարակից տարածքը, որտեղ ամեն օր հավաքվում են վրաց արվեստագետներն ու վաճառքի հանում իրենց ասեղնագործ իրերը, նկարները, քանդակներն ու ազգային նկարագրով հարուստ հուշանվերները: Ինչպես նկարիչներից մեկը բացատրեց, կամուրջն այդպես են կոչել, երբ Քուր գետը հունը փոխել ու այլեւս այդ մասով չի հոսել:



Ցամաքած կամուրջը ճշտորեն հիշեցնում է մեր երեւանյան Վերնիսաժը. այստեղ էլ կարող ես տեսնել ինչպես օրիգինալ աշխատանքներ, այնպես էլ տուրիստի ճաշակի վրա աշխատող գործեր: Բայց անգամ շաբաթ-կիրակի օրերին Ցամաքած կամրջում տուրիստները չեն ավելանում, նկարիչներից մի քանիսը դա բացատրեցին ստեղծված քաղաքական իրավիճակով, մատնանշելով նաեւ Ուկրաինայում կատարվող քաղաքական գործընթացները:



Ինչպես Երեւանում, այնպես էլ Թբիլիսիում տուրիստներին գրավում են հիմնականում քաղաքային տեսարաններով պանորամաները, նատյուրմորտները: Նկարիչներից Ավթանդիլ Մուչաիզին, երբ իմացավ որտեղից եմ, հիշեց, որ 20 տարի առաջ Թբիլիսի-Երեւան խաղը՝ 1-1 հաշվով, նայել է Երեւանի «Դինամո» մարզադաշտում: Մուչաիզին ասում է, որ այսօր թե իրենց վիճակն է վատ, թե երկրի, որովհետեւ գնորդ չկա ու եթե գտնվում էլ է, ապա 100 լարիանոց գործն ուզում են 10 լարիով առնել: «Այդպես հիմնականում չինացիներն են անում, իսկ դա ուղղակի ծաղրուծանակ է, բայց լինում են մարդիկ, որ դրան էլ են գնում, որովհետեւ փող չունեն: Լավ գնորդներ են ռուսները, եթե հավանեցին գործը, էլ չեն սակարկում՝ առնում են: Ուկրաինացի, թուրք գնորդներ էլ կան, ամռանը շատ են լինում ադրբեջանցի տուրիստները, ովքեր գալիս են Վրաստան հանգստանալու: Հայաստանից նույնպես գալիս են, բայց՝ հազվադեպ: Այստեղ նկարիչների մի մասը հենց հայեր են, այսինքն՝ հորական կողմով հայ են, մորական կողմով՝ վրացի, կամ հակառակը, մի խոսքով, ոնց դուք եք ասում՝ «շուռ տված» հայեր են»,-ասում է Ավթանդիլ Մուչաիզին ու ծիծաղում: Իմ այն հարցին, թե հայերեն գիտի՞, ասում է՝ «քիչ-քիչ»:



Ի տարբերություն շատերի, ովքեր երանի էին տալիս Սահակաշվիլու ժամանակները, Ավթանդիլը խոսքի մեջ խնդրեց, որ հանկարծ իր մոտ Սահակաշվիլու անունը չտամ. «Նա երկրի գլխին սեւ բերեց, 10 տարի առաջ ավելի շատ տուրիստներ էին գալիս, ավելի շատ գնորդներ էինք ունենում, Շեւարդնաձեի օրոք նույնպես լավ էր: Հիմա, եթե քաղաքական իրավիճակը լավանա աշխարհում, մեզ համար էլ լավ կլինի, գլխավորը խաղաղությունն է, բայց ձեր մոտ ասում են. աշխարհին՝ խաղաղություն, հայերին՝ փող, չէ՞»: Մուչաիզիի հետ ծիծաղում ենք, որից հետո նկատում եմ՝ իսկ ո՞վ փող չի սիրում: Գլխով համաձայնության նշան է անում ու ասում՝ ինքն էլ է սիրում, բայց եկամուտ չի ստանում:



Այդ օրը Ցամաքած կամրջի տարածքում հայ նկարիչների այդպես էլ չհանդիպեցի, նրանց մեծ մասն իրենց աշխատանքների ցուցադրությունը թողել էր վրացի ընկերների վրա եւ տուն գնացել: Փոխարենը կամրջի վրա հանդիպեցի սովետական մեդալներ ու հին սպասքեղեն վաճառող հայ կանանց, ում հետ կարճ զրույցի բռնվեցի: Երբ նրանց դժգոհություններին ի պատասխան նկատեցի, թե ինչու չեն գալիս Հայաստան, նրանցից մեկն ասաց, որ կգար, բայց աղջիկները վրացիների հետ են ամուսնացել, եւ նրանց համար է այստեղ մնում: Հեռվից մեր զրույցին հետեւող հայ տղամարդկանցից մեկն էլ խոսքի մեջ նկատեց, որ այստեղ վրացահայերին ասում են՝ Ջորջո Արմանի: Կանայք նույնպես նշեցին, որ Սահակաշվիլու ժամանակ ավելի լավ էին ապրում, տուրիստների եւ գնորդների պակաս չկար, հիմա ոչ միայն դրանք չկան, այլ նաեւ շատացել է կրիմինալը: Նրանցից մեկը նկատեց. օր չկա, որ մի քանի սպանություն ու կողոպուտ չլինի Թբիլիսիում:



Մայթեզրին՝ կամրջի տակ, հանդիպեցի փայտից ու ազնվական մետաղներից եղջյուրներ սարքող Դավիթ Դավիթովին, ով նույնպես նույն խնդիրները բարձրաձայնեց. «Մարդկանց վիճակը ծանրացել է, դժվար է ապրել, պետությունը չունի կոնկրետ տնտեսական ծրագիր, իսկ առանց դրա ամեն պետություն կաթվածահար է լինում, ստեղծվում է գործազրկություն, դա էլ բերում է աղքատության, մարդկանց մշակութային պահանջները հետ են մղվում, մարդու տրամադրությունն է ընկնում… մի խոսքով, դժվարացել է կյանքն այստեղ»: Ապա հավելում է, որ վաճառքի մասին ոչ թե պետք է խոսել օրվա կտրվածքով, այլ թե շաբաթը, ամիսը քանի աշխատանք են վաճառում, հետո էլ ասում է, որ 2 շաբաթ է՝ արդեն գալիս է, բայց ոչինչ չի վաճառել, միայն ժամանակի, բենզինի ծախս է անում. «Եղջյուրների միջին գինն սկսվում է 150 լարիից՝ կախված աշխատանքի բարդությունից, մինչեւ 1.500 դոլար, երբեք չես իմանա՝ այսօր մի բան կվաճառես, թե չէ, այդ հույսով ամեն օր գալիս ենք այստեղ. լոտոյի նման է դարձել մեր աշխատանքը»:



Դավիթ Դավիթովը շատերի պես նշում է, որ Սահակաշվիլու ժամանակ ավելի լավ էր, որովհետեւ այն ժամանակ այնպիսի օրենքներ էին, որ տուրիստները հնարավորություն ունեին գալու՝ կապված նաեւ վիզային ռեժիմի հետ, բացի այդ, կրիմինալ վիճակն ավելի լավ էր, քան հիմա, որովհետեւ «հիմա մի քանի հազար դատապարտյալների ազատել են, որոնց խնդիրը ո՞րն է՝ չաշխատել, գողանալ, սպանել, այդ առումով կրիմինալը շատացել է երկրում, իսկ մի քանի տարի առաջ մեքենաներն ազատ թողնում էին փողոցում, եւ ոչ ոք ոչ մի վնաս չէր կարող հասցնել, իսկ հիմա վախենում են, եւ սիգնալիզացիան էլ չի օգնում: Բազմաթիվ բրենդային խանութներ են փակվում. մի քայլ առաջ, 3 քայլ հետ՝ այսպիսին է հիմա կյանքը»:



Անտիկվարիատներ վաճառող Դավիթ Դավիթովն ապրում է իր 150 լարի թոշակով (մոտ 75 դոլար), որով, իր իսկ խոսքերով, ամենաշատը 2 շաբաթ կձգես, բայց եթե հանկարծ դեղատուն մտար, հնարավոր է մի օրում մի ամսվա թոշակդ դեղերի վրա ծախսես. «Իմ մինիմումն իրանք հաշվել են 150 լարի, իսկ իրենց մինիմումը՝ պարգեւավճարներով հանդերձ, 30-40 հազար լարի»: Զրույցի ընթացքում Դավիթ Դավիթովն անկեղծացավ ու նկատեց, որ իրենց երկրի բնական ռեսուրսներն ու բնակլիմայական պայմանները հայերն ավելի խելոք ձեւով կօգտագործեին, եթե ապրեին այստեղ, իսկ իրենց երկրում ընդդիմությունն ու իշխանությունն անընդհատ իրար մեջ կռվում են, ինչի արդյունքում ժողովուրդն է տուժում: Մեր զրույցի վերջում ստիպված էի Դավիթ Դավիթովի՝ հայերի մասին ունեցած պատրանքը կոտրել, ասելով, որ իրավիճակը Հայաստանում ոչնչով չի տարբերվում Վրաստանից՝ նույն կրիմինալը, ապաշնորհ ղեկավարությունը եւ աղքատության մեջ խրված ժողովուրդը, դրան գումարած սարսափելի արտագաղթը: