Խաղաղություն փոթորկից առաջ, թե շախմատային նոր կոմբինացիա

Խաղաղություն փոթորկից առաջ, թե շախմատային նոր կոմբինացիա

Վերջին ամիսների ներքաղաքական իրավիճակը, որը լարվածության մեջ էր պահում ամբողջ հանրությանը, կարծես մարեց կամ ժամանակավորապես դադարեց: Այս հարցը հուզում է բոլորին, սակայն պատասխանն իրեն երկար է սպասեցնել տալիս:
Ինչևէ, իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես շախմատում. հարաբերական անդորր, զինվորների վերադասավորում և քայլ ձիով, որից հետո կսկսվի նոր փոթորիկ հայկական քաղաքական շախմատի դաշտում:
Մինչև հարաբերական անդորրը քայլերը կատարվում էին բավականին կտրուկ և բավականին կշռադատված: Շախմատի առաջին քայլը կատարվեց ՀՀ առաջին նախագահի կողմից, երբ 2008թ.-ից սկսած նա պայքարում էր իշխանությունների դեմ, իսկ պայքարի մեթոդը ընդդիմադիր դաշտի մոնոպոլիզացնելն էր՝ այն դարձնելով իր նպատակներին հասնելու առաջնային գործիք: Ստանալով շախ և մատ իշխանություններից՝ ՀՀ առաջին նախագահը սկսեց երկրորդ խաղը՝ ստեղծելով ՀԱԿ-ը՝ որպես երկրի փրկության միակ միջոց: Սակայն այս խաղը նա նույնպես պարտվեց, բայց կարողացավ մտնել ԱԺ՝ ուղարկելով իրեն հավատարիմ զինվորներին առաջ: Սակայն ԱԺ-ում նրանց հնարավորությունները սահմանափակ էին, իսկ հաջողությունը կարճատև:
Հաջորդ փորձը Ժառանգությանն էր, որը նույնպես չկարողացավ դիմադրել և Զորավարի քայլից հետո պարտվեց:
Ոչ ոքի մտքով չէր անցնի նոր շախմատային խաղ, սակայն դա դարձավ ամենահուշագրավը: ԲՀԿ-ն, դառնալով արմատական ընդդիմություն, իշխանության հետ նոր շախմատային խաղ սկսեց: Ցավոք, ՀՀ առաջին նախագահն ու Րաֆֆի Հովհաննիսյանը շտապեցին օգնելու ԲՀԿ-ին քայլերի հաջորդականության մեջ, անգամ դարձան այդ խաղի նավակն ու ձին, իսկ վերջում զոհ գնացին, ավելի ճիշտ՝ քայլ չկատարեցին և արագ հանձնվեցին: Իշխանությունների կտրուկ քայլերն ու հարձակումները միայն ցույց տվեցին, որ նրանք չէին կարող երկար խաղալ ԲՀԿ-ի կոմբինացիայով: Ժամանակավորապես հասնելով կարճատև հաջողության՝ իշխանությունը կարողացավ ձեռք բերել հարաբերական անդորր, որից հետո նորից սկսվելու են լարվածությունները: Դա ցույց է տալիս ԲՀԿ-ի ղեկավար կազմի փոփոխությունները, երբ կուսակցության ղեկն անցավ այն մարդկանց, ովքեր մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց գաղափարներին, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր պետք է ուղղակի նշանակվեին իշխանության շախից հետո:
Հարաբերական անդորրն իր վտանգներն ունի, որովհետև լցվում է ժողովրդի համբերության բաժակը, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում բոլորս ականտես կլինենք նոր փոթորիկների:

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ
Դավիթ Հարությունյան