Անտեղի հիասթափություն կամ մեծ աղմուկ ոչնչից

Անտեղի հիասթափություն կամ մեծ աղմուկ ոչնչից

Հայաստանյան ներքաղաքական կյանքի փետրվար-մարտյան կտրուկ փոփոխությունների եւ հետագա զարգացումների շուրջ հազարավոր իրարամերժ վերլուծություններ, կարծիքներ եւ ենթադրություններ են հնչում:



Իշխող ռեժիմի հետ առաջին իսկ թեթեւ հպումից առաջացած «կարճ միացումից» եռյակը դադարեց գոյություն ունենալ: Խարխուլ հիմքի վրա կառուցված շենքը փլվեց, իր տակ առնելով խաղաղ ճանապարհով արտահերթ իշխանափոխության գաղափարը, որն էլ իր հերթին, ինչպես այսօր ընդունված է հաճախ կրկնել, հանգեցրեց հասարակական համընդհանուր հուսախաբության եւ հուսալքության:



Մինչդեռ անսպասելի, անկանխատեսելի ոչինչ տեղի չի ունեցել, եւ զարմանքն ու հիասթափությունը, առնվազն, անտեղի են: Ինչո՞ւ էր հույս կապվել եռյակի կողմից դրված, անհեռանկար այդ նպատակի հետ: Այսօրվա քաղաքական դաշտի նվազագույն իմացության դեպքում, անշուշտ, չէին առաջանա այդ հույսն ու հավատը, ինչպես նաեւ դրանց հաջորդող հուսախաբությունը: Երբ գաղափարը հիմնավորված չէ ռեալ հնարավորությունների ճշգրիտ հաշվարկով, այլ ծնվում է հեղինակի կամ հեղինակների ամբիցիաների արդյունքում, ապա խիստ հարցական է դառնում կամ բացառվում է դրա իրականացումը:



Հնարավո՞ր է արդյոք արտահերթ, խաղաղ իշխանափոխություն ընդհանրապես եւ կոնկրետ Հայաստանում՝ մասնավորապես: Ընդհանրապես՝ այո, այսօրվա Հայաստանում՝ ո՛չ:



Խաղաղ, արտահերթ իշխանափոխությունը ենթադրում է երկու պարտադիր պայման: Առաջինը ժողովրդի մասսայական դժգոհությունից առաջացած իշխանության հեռացման հիմնավորված պահանջն է, երկրորդը՝ այդ պահանջը իշխանության կողմից անվերապահ հարգելու կամքն ու պատրաստակամությունը: Երկրորդ պայմանի առկայությունը զուտ պայմանավորված է նրանով, թե ինչպես է ձեւավորվում իշխանությունը, եւ ով է այն ձեւավորում: Նա, ում ժողովուրդը պարզ, թափանցիկ, ազնիվ ընտրություններով վստահում է պետության կառավարման գործը, որը, սակայն, իր գործունեությամբ չի արդարացնում ժողովրդի հույսերը, համաժողովրդական առաջին իսկ պահանջով, ներողություն խնդրելով, տեղը զիջում է ուրիշներին, իր հետ տանելով ընտրողների հարգանքը: Քաղաքակիրթ աշխարհը նման շատ օրինակներ ունի:



Կարո՞ղ է այսօրվա Հայաստանում նման բան տեղի ունենալ: Անշուշտ՝ ո՛չ: Սկսած 1996-2013թթ., խորհրդարանական եւ նախագահական բոլոր ընտրությունները (իմաստազրկված այս բառը քաղաքական բառապաշարից պետք է դեն նետել), որպես կանոն, ադմինիստրատիվ լծակների օգտագործման, համատարած ընտրակաշառքի, արդյունքների ամոթալի կեղծման ճանապարհով ավարտվել են իշխանության բռնազավթումով: Իմիջիայլոց, մինչ այժմ առեղծված են մնում օտար դիտորդների դրական կարծիքները: Կույր ու միամի՞տ են, գուցե խճճվո՞ւմ են հայկական քաղաքական ջունգլիներում, թե՞ ավելի հզոր պատճառ կա: Բոլոր բռնազավթումներից հետո, այդ հանցավոր արարքի դեմ ժողովրդի ընդվզումները դեմ են առել իշխանագողերի սվիններին, որի կուլմինացիան եղավ 2008թ. մարտիմեկյան խաղաղ պահանջատերերի սպանդը: Դա հայոց նորագույն պատմության (եւ ոչ միայն նորագույն) ամենախայտառակ էջն է, քանզի ոճրագործությունն իրագործվեց ոչ թե կռվի դաշտում, թշնամու կողմից, այլ հայոց մայրաքաղաքում, «հայերի» ձեռքով, որոնք այսօր էլ շարունակում են տնօրինել երկրի ու ժողովրդի բախտը:



Բնական է, որ նման ճանապարհով իշխանության հասած ուժը ոչ մի դեպքում մտադիր չէ հեռանալ: Ահա ինչու արտահերթ իշխանափոխության մասին հնչեցումներն անհիմն են, դատապարտված ձախողման: Նրանց կողմից հաշվի չեն առնվում երկու հակամարտող կողմերի՝ ժողովրդի եւ իշխանության ուժերի ռեալ հնարավորությունները: Ի՞նչ տրամաբանությամբ են ղեկավարվում նրանք այդ հարցը դնելիս: Ինչ է, չգիտե՞ն, թե ինչ իշխանության հետ են առնչվելու: Ոստիկանության (անհրաժեշտության դեպքում՝ նաեւ զորքի) միջոցով ցանկացած ժամանակ, ժողովրդի ամենահզոր ելույթի դեպքում էլ նա չի խորշի առավել արյունալի մարտի մեկեր կրկնելուց: Այնպես որ, ժողովուրդը գործ ունի արտաքին թշնամուց ոչ պակաս ներքին հակառակորդի հետ:



Եթե իշխանությունը ժողովրդինը չէ, քիչ նշանակություն ունի, թե որքան մարդ դուրս կգա փողոց՝ 100 հազար, թե 1 միլիոն: Համամիտ չեմ Պարույր Հայրիկյանի վերջերս հայտնած այն մտքին, թե «իշխանափոխությունը չի կարող չհասնել հաջողության, եթե հզոր հանրահավաքով քաղաքական կամք պարտադրվի իշխանություններին»: Ինձ համար պարզ չէ, թե ինչպես պետք է պարտադրվի այդ կամքը: Անկախության անցած տարիներին պարտադրանքի բազմաթիվ խաղաղ փորձերն ավարտվել են անարդյունք: Հետեւաբար, պետք է վերջ տալ ոչնչից առաջացած այդ մեծ աղմուկին: Փլված եռյակի երկու կուսակցությունները՝ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, ինչպես նաեւ մյուս քաղաքական եւ քաղաքացիական ուժերը պետք է թողնեն հողմաղացների դեմ դոնկիխոտյան անօգուտ կռիվը, օրակարգից հանեն ներկա ռեժիմի արտահերթ հեռացման կարգախոսը: Ստեղծված նոր պայմաններում նրանք մտորումների, թարմ գաղափարների, ռազմավարության ու մարտավարության մշակման խնդիր ունեն:



Ինչ մնում է քաղաքական դաշտի ներկա վիճակին, պետք է հուսալ, որ անպայման կարվեն անհրաժեշտ հետեւություններ, որոնք կբերեն միակուռ մի ընդդիմության՝ նոր ռազմավարությամբ եւ նոր մարտավարությամբ:



Արամ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մոսկվա