Դա նույնն է, ինչ որ գալ թաղման տեղն ու փորձել ցույց անել

Դա նույնն է, ինչ որ գալ թաղման տեղն ու փորձել ցույց անել

«Եթե Հիմնախորհրդարանը հույս է դրել, որ ապրիլի 24-ին տասնյակ հազարավոր մարդիկ լինելու են փողոցում, որոնց մեծ մասն այս կամ այն կերպով դժգոհ է իշխանությունից, նրանք կմիանան իրենց, դա շատ սխալ հաշվարկ է։ Դա նույնն է, ինչ որ գալ թաղման տեղն ու փորձել այնտեղ ցույց անել։ Մեր ազգը ցավոք սրտի սգալ շատ է սիրում և այդ պահին ինքը միայն սգի վրա է կենտրոնացած լինելու, ուրիշ ոչ մի բանի»․նշում է բլոգեր Տիգրան Քոչարյանը։ Վերջինս Նախախորհրդարանի գործունեությունը հատկանշեց աղանդաբարո բառով․ «Միգուցե ցանկություն կա տապալել ապրիլի 24-ի միջոցառումները և ինչ որ ձևով հետ պահել որոշ երկրների ղեկավարներին, չեմ ուզում հավատալ։ Վերադառնալով Գյումրիի դեպքերին՝ ոստիկանությանը և իշխանություններին խորհուրդ կտայի քիչ ուշադրություն դարձնեին այս ամեն ինչի վրա։ Բայց նաև կանխազգում եմ, եթե ամեն ինչ այսպես շարունակվի Հիմնախորհրդարանի մի մասը կհայտնվի ճաղերի ետևում»։



Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը․ «Մեր իշխանությունները բացառիկ շնորք ունեն չեղած և մասսայական ժողովրդավարական որևէ աջակցություն չունեցող կազմակերպությանը դարձնել հայտնի։ Տրամաբանությունից զուրկ է։ Եթե ուղղակի անտեսեին, վստահեցնում եմ, որ իրենց Գյումրիի հանրահավաքը չէր ունենա որևիցե արձագանք, ինչպես չի ունեցել բազմաթիվ այլ գործողություններ։ Եթե խոսքը վերաբերում է ապրիլի 24-ին բախումներ գնալուն, կարծում եմ, որ մեր ժողովուրդն այնքան գիտակից է, որ ինքը կփորձի յուրաքանչյուր սադրիչի պատասխան տալ։ Ընդհանրապես կարծում եմ, որ ապրիլ ամիսը ներքաղաքական խժդժությունների ամիս չէ, որովհետև աշխարհի ուշադրությունն այս պահին գտնվում է Հայաստանի վրա, աշխարհի ուշադրությունը գտնվում է հայության վրա, և ապրիլին քաղաքական խժդժությունների, ծեծերի և մնացած բաների ժամանակը չէ։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ի զորու են Հայաստանում իշխանափոխություն անել, կարող են անել ապրիլի 24-ից հետո»։