Սահմանադրական մարաթոն

Սահմանադրական մարաթոն

Մեր տեղեկություններով, որքան էլ իշխանությունները խաղարկում են սահմանադրական բարեփոխումների 2 նախագիծ, իրական նպատակն այն է, որ լայն կոնսոլիդացիայի մեջ ներառեն քաղաքական բոլոր, այդ թվում եւ խորհրդարանական ընդդիմադիր շերտին` 2 նախագիծն էլ հանելով քննարկման: Հասկանալի է, որ խորհրդարանական ընդդիմությունը «կողմ» կլինի նախագահական մոդելին, սակայն կանցնի խորհրդարանականը, արդյունքում Սերժ Սարգսյանն արտաքին աշխարհին «ցույց կտա-կապացուցի», որ ամեն բան խիստ ժողովրդավարության պայմաններում է ընթանում. քննարկում էիք ուզում՝ խնդրեմ: Բաց, ժողովրդավարական քննարկում է ընթանում, ով ուզում է՝ դեմ է արտահայտվում, ով կողմ է՝ առավել եւս ազատ է: Ապա կանցնի հաջորդ քայլին` սահմանադրական հանրաքվեին, ինչի առնչությամբ իշխանությունները կարծես շտապում են:



Մեր տեղեկություններով, այն տեղի կունենա նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին: Մեր լրագրողի հարցին ի պատասխան, ԱԺ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասել է. «Դա բացառապես նախագահի որոշելիք խնդիրն է` ինքն է նշանակում հանրաքվեի օրը»: Բայց, միեւնույն է՝ ասում են, որ շատ եք շտապում: ««Ասում»-ը քաղաքական կատեգորիա չէ, եւ եթե նախագիծը պատրաստ լինի, ինչո՞ւ չպետք է դրվի հանրաքվեի»,- արձագանքել է Սահակյանը:



Հիշեցնենք, որ բարեփոխումների անցկացման գրաֆիկն այսպիսին է. 10 ամիս պետք է աշխատի մասնագիտական հանձնաժողովը, օգոստոսին բարեփոխումները պետք է ներկայացվեն ԱԺ, սեպտեմբերի առաջին նիստից պետք է սկսվի քննարկումը, 3 ամիս անց արդեն կկայանա հանրաքվեն: Եվ դրանից հետո այլեւս ոչինչ չի խանգարի, որ նոր Սահմանադրությունը մտնի գործածության մեջ, եվրոպացի դիտորդներն էլ ասեն՝ ամեն ինչ կատարվել է միջազգային նորմերին համապատասխան: