Կուզենայի օգնած լինել, բայց չեմ կարող

Կուզենայի օգնած լինել, բայց չեմ կարող

Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ նախագահ Թուրքիայի



Դուք ասում եք. «1915թ. ցավալի դեպքերը թող պատմաբանները քննեն»: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը 1915-24թթ. հոգացել է 132 հազար հայ որբերի կարիքները: Նրանց ծնողները թուրքահպատակ հայեր էին եւ զոհվել էին «ցավալի դեպքերից»: Նրանցից մեկն իմ պապն էր` Հովհաննես Մաթեւոսի Մինասյանը, ում անձնագրում իբրեւ ծննդյան վայր նշված էր` «քաղաք Վան, Թուրքիա»: Ինձ համար դա զարմանալի էր: Հետո իմացա, որ նրա հորը, մորը, ավագ եղբորն սպանել են Վանում: Նրան փրկել է եղբոր կինը: 1916-24թթ. պապս ապրել է Թիֆլիսի, Դիլիջանի, ապաեւ Գյումրիի որբանոցում, որտեղ նաեւ մանկավարժություն է սովորել: 40 տարի պապս ուսուցիչ էր Լեռնային Ղարաբաղում: 1965թ.-ին նա գտավ հարազատներին` եղբոր եւ քրոջ որդիներին, եւ տեղափոխվեց Երեւան: Ես նրա ավագ դստեր որդին եմ: Պապս երկար ապրեց, մահացավ 2004թ. մի ցրտաշունչ օր: Նա վաստակավոր մանկավարժ էր: Իր մանկության տարիներից նա ոչինչ չէր հիշում, թեեւ «ցավալի դեպքերի» տարում լրացել էր 7-ամյակը: Թվում է, սարսափն այնքան մեծ է եղել, որ մանկան հիշողությունից ջնջվել է ամեն ինչ, որ կապված է Թուրքիայի, Վանի կոտորածների եւ գաղթի հետ: Բայց նա հիշում էր որբանոցային կյանքը: Աշխարհում ինձ նման միլիոնավոր հայեր կան: Եվ նրանց հավաքական հիշողությունն է, որ փորձում եք դարձնել «պատմաբանների հանձնաժողովի քննության նյութ»: Որեւէ հանձնաժողով չի կարող հերքել իմ Հովհաննես պապի, միլիոնավոր ուրիշների կյանքի պատմությունը: Վերջերս ինձ հրավիրել էին գիտաժողովի: Թեման «ցավալի դեպքերն» էին: Ես պատմեցի պապիս կյանքը: Իբրեւ ամփոփում` ասացի. «Վանն իմ պապենական քաղաքն է»: Դա պարզ ճշմարտություն է. իմ պապը ծնվել է Վանում: Միշտ երազել եմ լինել Վանում: Բայց հետաձգել եմ` կասկածելով, որ այնտեղ չեմ կարող ասել, որ եկել եմ իմ պապենական քաղաքը: Իսկ եթե չեմ ասելու, ամեն ինչ կորցնում է իմաստը: Կխնդրեի, եթե հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման հարցում իրոք անկեղծ եք, հնարավորություն ստեղծել, որ Վանում կարողանամ ասել. «Սա իմ պապենական քաղաքն է», եւ Վանի թուրք եւ քուրդ բնակիչներն ինձ թշնամի չհամարեին: Գալիպոլիի 100-ամյակը նշելու փոխարեն հնարավորություն կար, որպեսզի թուրքահպատակ զոհերի ժառանգներին հրավիրեիք իրենց պապենական քաղաքներն ու գյուղերը եւ ասեիք. «Բարով եք եկել ձեր հայրենիք»: Այդ դեպքում ես կուզենայի օգնած լինել Թուրքիային: Այսօր չեմ կարող:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ