Այսօրվա գեղապաշտը վաղվա իրատեսն է

Այսօրվա գեղապաշտը վաղվա իրատեսն է

«Ժառանգություն» կուսակցությունը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ կազմակերպել էին քննարկում՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայ ժողովրդի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» թեմայով: Քննարկմանը հրավիրված էին եւ մասնակցում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը, վերլուծաբան Դավիդ Դավիդյանը:



Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ելույթ ուենցավ Կարեն Անդրեասյանը, ով նշեց, որ իր քառամյա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ է մասնակցում կուսակցական նախաձեռնությամբ հրավիրված քննարկման եւ այս հրավերը չի մերժել, որովհետեւ վերկուսակցական թեմա է օրակարգում: «Մենք տեսնում ենք էստեղ մարդու իրավունքների լրջագույն խախտում, հետեւաբար, ես կարծում եմ, որ սա վերաբերում է նաեւ իմ սահմանադրական մանդատին»,-ասաց ՄԻ պաշտպանը:



Այնուհետեւ հերթով ելույթ ունեցան բոլոր հրավիրված բանախոսները: Չկար միայն ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, ով հրավիրվածների թվում էր, սակայն վերջին պահին հրաժարվել էր գալ՝ պատճառաբանելով, թե ՊՆ-ում հանդիպման է: Հատուկ անդրադարձ եղավ նաեւ Փոստանջյանի ներկայացրած օրենսդրական նախագծին, որը քննարկվել է կառավարությունում, սակայն խնդրել են հետաձգել 1 տարով՝ պահի աննպատակահարմարությունից ելնելով: Նախագծով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից, հայ ժողովուրդը հետամուտ է նյութական, տարածքային, բարոյական պահանջատիրության իրավունքի իրացմանը, ինչպես նաեւ վերահաստատում է Թուրքիայի կողմից բռնազավթված հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքներում հայկական պետականության վերականգնման իրավունքը»: Նախագիծը միանշանակ չի ընկալվում: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր, արեւմտահայոց հարցերով ակտիվորեն զբաղվող Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում քննադատել կամ դրվատել, սակայն ինքն այս հարցում մի փոքր ձեռնպահ կմնար. «Եկե՛ք լինենք իրատես, իհարկե, շատ բան ենք ցանկանում, բայց որքանո՞վ է դա իրագործելի, արդյոք այս նախագծով չե՞նք ներքաշելու մեր պետությանը որեւէ գերխնդրի մեջ, որի տակից դուրս գալը կլինի շատ դժվար»: Իսկ առաջարկը շատ լավն է, ու ինքը ողջունում է Փոստանջյանի այս նախաձեռնությունը: Ըստ նրա, մենք այսօր խոսում ենք օկուպացիայի մասին, այդ թվում՝ Ղրիմի օկուպացիայի, բայց ոք ոչ չի խոսում դրանց նախնական պայմանագրերը չեղյալ համարելու մասին. «Իսկ ո՞ւր է էդ պայմանագրերի չեղյալ համարելու օրինագիծը»:



Կարեն Անդրեասյանը նախընտրեց զերծ մնալ քաղաքական գնահատականներ տալուց՝ նշելով, որ Ցեղասպանության ճանաչման եւ իրավական հետեւանքների ցանկացած հարց, որը վերաբերում է մարդկանց արժանապատվության, սեփականության իրավունքի վերականգնմանը, իրենք ողջունում են, բայց այս պահին, իր պաշտոնեական դիրքից ելնելով, չի կարող ասել՝ կցանկանա՞ր, որ խորհրդարանն ընդուներ այս նախագիծը, թե՞ ոչ: Մեր հարցին, թե իրավական առումով ինչ կարող է ասել նախագծի մասին, պարոն Անդրեասյանն ասաց, որ իրավական առումով նույնպես չի կարող գնահատական տալ, քանի որ այստեղ ձեւակերպման հարց չէ, սա քաղաքական որոշման խնդիր է: Նախագծում «շատ վտանգներ է տեսնում, բայց դա էլ իրավունք ունի քննարկման»:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մեզ ասաց, որ իրատեսական լինելու մասին իրեն չէ, որ պետք է հարցնել, բայց չի կարծում, թե այն ոչ իրատեսական է, իսկ ինչ վերաբերում է դրա իրատեսությանը կասկածամտորեն վերաբերվողներին, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Այսօրվա գեղապաշտը, ռոմանտիկը վաղվա իրատեսն է: Այսինքն՝ պահի մեջ չնայենք ամեն ինչը, որոշ խնդիրներ կան, որ պետք է սկզբունքային դրվեն, որ եթե ոչ վաղը, ապա ժամանակի ընթացքում լուծվեն: Այս հարցը ռազմավարական նշանակություն ունի եւ, ինչու չէ, նաեւ մարտական կիրառում կարող է ունենալ: «Օկուպացիա» բառն ո՞վ է օգտագործում միջազգային ամբիոններում, թուրքերը եւ ադրբեջանցիները, ուղղակի ամենաանհեթեթ բանն է, որ իրենք են խոսում մեր հասցեին այս եզրերով»:



Նախագծի եւ քննարկման կազմակերպման հեղինակ Զարուհի Փոստանջյանն էլ ասաց. «Եթե մենք չենք դատապարտում, որ Թուրքիան օկուպացրել է Հայաստանի տարածքները, ապա մեր հայտարարությունները կմնան լոկ հայտարարություններ, եւ միայն դրանցով հնարավոր չէ արդյունքի հասնել, ՀՀ-ն այսօր պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»: Իսկ նախագիծն առաջին քայլերից մեկն է այդ գործընթացում: Արձագանքելով Անդրեասյանի ասածին, թե վտանգներ է տեսնում նախագծում, հիշեցրեց, որ այն 2 փորձաքննություն է անցել, մեկը՝ կառավարության կողմից, մյուսը՝ ԱԺ իրավաբանական վարչության, եւ երկուսի մեջ էլ հակասությունների կամ վտանգների մասին խոսք չի եղել, միայն նշել են նպատակահարմարության մասին, ինքն էլ, սեփական դիմումի համաձայն, խնդրել է հետաձգել 1 տարի ժամկետով: Փոստանջյանը, սակայն, նշեց. չի բացառվում, որ ինքը որոշի նորից շրջանառության մեջ դնել իր նախագիծը, ուղղակի սպասում էր այս քննարկմանը: