Համայնքները խոշորացնում են Ռուբեն Վարդանյանի՞ օգտին

Համայնքները խոշորացնում են Ռուբեն Վարդանյանի՞ օգտին

Մայիսի 17-ին Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերում հանրաքվե է անցկացվելու: Գյուղացիներն իրենց կամքն են արտահայտելու համայնքների խոշորացման, ասել է թե՝ միավորման վերաբերյալ: Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Տավուշի մարզում, Դիլիջան կենտրոնով, կմիավորվեն Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք գյուղերը: Սա տեղեկատվություն է, որ գյուղացիներին է հասել ոչ պաշտոնական աղբյուրներից: Ներկայացուցչական որեւէ խումբ կամ պաշտոնյա դեռեւս գյուղացիների հետ չի հանդիպել, խոշորացման անհրաժեշտության, մասնավորապես՝ առավելությունների մասին լուսավորչական աշխատանք չի տարել: Գյուղացիներն էլ, դեսից-դենից փախցրած լուրերն իրար կցելով, փորձում են համայնքների խոշորացման մասին ենթադրություններ անել՝ շահող կողմ դիտարկելով ոչ ամենեւին իրենց:



Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը ենթադրում է, որ խոշորացման ծրագիրը կարող է առնչություն ունենալ գործարար Ռուբեն Վարդանյանի ճոպանուղու բիզնեսի հետ, քանի որ խոշորացումը ներառում է նաեւ Տաթեւի եւ Թումանյանի տարածաշրջանների մի քանի գյուղեր: «Կոնկրետ բան չեն ասում, մենակ ասում են՝ լավ ա լինելու: Իբր մեծ ներդրումներ են լինելու. ասֆալտ են անելու, մեքենաներ են տալու, բայց թե ում են տալու, ինչ մեքենաներ են տալու եւ ինչ նպատակով, ոչ ոք չգիտի: Մի հարցնող լինի՝ էս թեքության վրա մեր գյուղացին ասֆալտն ի՞նչ ա անում: Չէ՞ որ նա ավելի կարեւոր խնդրի առաջ ա կանգնած՝ աշխատանք չունի: Եղած աշխատատեղերն էլ խոշորացումից հետո կփակվեն, եւ մարդիկ կսկսեն մտածել գյուղը լքելու մասին»,-ասաց Հաղարծին համայնքի ղեկավարը:
Համաձայն մեր տեղեկությունների, համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչելու համար ավելի քան 1 մլրդ դոլար ներդրում է արվելու: Գյուղացիները, ներդրումային քաղաքականությունը ոչ ի նպաստ իրենց դիտարկելով, համոզված են, որ վնասից բացի, իրենք դրանից որեւէ օգուտ չեն քաղելու: «Լսել ենք՝ Դիլիջանում ինչ-որ խոշոր ծրագիր են անելու: Բայց քանի որ քաղաքն իր մասշտաբներով ու բնակչության թվով չի համապատասխանում ներկայացված պահանջներին, Դիլիջանն արհեստականորեն մեծացնում են: Թե ում համար ա դա արվում՝ չգիտենք: Մենակ գիտենք, որ մեր լուծն էլի մենք ենք քաշելու: Ամենասովորական մի օրինակ բերեմ. մեր գյուղից մինչեւ Դիլիջան 9 կմ ա: Այսինքն, մի տեղեկանք ստանալու համար ես պիտի 300 դրամ ճանապարհածախս տամ, օր կորցնեմ, որ հասնեմ Դիլիջան, ու դեռ հայտնի չի՝ էդ օրն ինձ կարա՞ն տեղեկանք տան, թե՞ կասեն. գնա՝ էգուց արի»,-ասաց Հաղարծինի գյուղամիջում հավաքված տղամարդկանցից մեկն ու հավելեց, որ «գյուղացու խնդիրներին մենակ գյուղում ապրողը կարա լավ ծանոթ լինի»: Դիլիջանում նստած ղեկավարին ինչքան էլ բացատրես, չի հասկանալու, իսկ եթե չհասկանա, չի էլ լուծի խնդիրդ: Խոսակցությանը խառնվեց մեկ այլ տղամարդ. «Եթե գումարներ ունեն, որ ներդնելու են գյուղերի զարգացման համար, թող դնեն. ո՞վ ա խանգարում: Թե՞ պարտադիր պետք ա ժողովրդին դիվադադար անեն: Դեռ կարծիքներս էլ հաշվի չեն առնում. վերեւներում նստած՝ տենց են որոշել: Բայց կարելի ա, չէ՞, գալ, հարցուփորձ անել, իմանալ մեր խնդիրների մասին, լսել մեր առաջարկությունները, կարող ա մի խելոք բան էլ մենք ենք ասում»:



Հաղարծինը մեծությամբ ու բնակչության թվով երրորդ գյուղն է Տավուշի մարզում: Ավելի քան 4 հազար բնակիչ ունի: Արտագաղթի պատճառով դպրոց հաճախող երեխաների թիվը կիսով չափ նվազել է. նախկին 1000-ի փոխարեն այժմ 550 աշակերտ է դպրոց գնում: Գյուղերի խոշորացման պարագայում երեխաների հարցին դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը եւս կոնկրետ պատասխան տալ չի կարողանում: «Ես ինքս էլ իրազեկված չեմ, որ կարողանամ լավն ու վատն ասել: Ենթադրում եմ՝ ուրիշ ստրուկտուրա է լինելու, նոր աշխատատեղեր են բացվելու, կենտրոնից ներկայացուցիչներ են լինելու գյուղում: Բայց վստահ չեմ, որ առօրյա լուծում պահանջող խնդիրներին քաղաքապետը հետամուտ կլինի: Իսկ գուցե լավ լինի. չեմ կարող ասել»:



Հաղարծինցիները որոշել են մայիսի 17-ին «ոչ» ասել համայնքների խոշորացման ծրագրին: Բայց վստահ չեն, որ իրենց «ոչ»-ը բանի տեղ դնող կլինի: «Եթե վերեւներում այդպես են որոշել, ուրեմն անելու են, անկախ մեր դիրքորոշումից»,-ընտրությունների փորձն աչքի առաջ ունենալով՝ ասացին գյուղամիջում հավաքվածները: Վերջիններիս կարծիքով, խոշորացման ծրագրից ամենաշատը Դիլիջանի քաղաքապետի «ճանն է աջ կանգնելու»: Հողեր են ավելանալու, հերթով կծախի-կհարստանա, դա նրա մոտ ամենալավն է ստացվում՝ ասացին:



Սերոբ  ՄԱՐՈՒԹՅԱՆ