Ռիտա Սարգսյանը խոստանում է քաղաքականությամբ չզբաղվել

Ռիտա Սարգսյանը խոստանում է քաղաքականությամբ չզբաղվել

«Սա մեզ համար շատ մեծ ու կարեւոր օր է՝ մասնաշենքի բացումը, որովհետեւ մենք սրան հասանք մեր բոլոր աջակիցների, հովանավորների, ընկերների շնորհիվ: Շուրջ 105 երեխա հաճախում եւ ստանում է ինտենսիվ թերապիա, որը համապատասխանում է միջազգային թերապիայի ստանդարտներին»,- նշեց Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը: Աուտիզմի մասին խոսելիս էլ պատմեց, որ «զանգահարում են, ասում՝ երեխան չի խոսում, չի նայում աչքերի մեջ, չի արձագանքում անվանը: Փոքրիկ երեխան պետք է նմանակի, իսկ աուտիզմի ժամանակ շատ հաճախ նմանակումը բացակայում է: Առաջին նշանները երբ ծնողները նկատում են, պետք է անպայման դիմել մասնագետին»:



Գյուրջինյան 13 հասցեում երեկ բացվեց «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, որն աուտիզմի ախտանիշով արդեն 130 երեխա է ընդունել իր տանիքի ներքո: Երեկ այնտեղ էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով այս դպրոցի հովանավորներից է: Նրան շրջապատել էին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Երբ այցելում էինք շինարարությանը հետեւելու, ծնողների հետ հանդիպման ժամանակ եւ կենտրոնի պատասխանատուների, առաջարկվեց, եւ ցանկությունն էր ծնողների կողմից, որ ընդլայնվի կենտրոնը: Այն ժամանակ մենք խոստացանք, որ կառավարության հետ կքննարկենք, կներկայացնենք հարցը վարչապետին: Այսօր այդ համաձայնությունն ունենք»,- ասաց քաղաքապետը: Սակայն նոր մասնաշենքում դեռ շատ անելիքներ կան, եւ ծնողների բարձր ծափահարությունները պարտավորեցրին նախարարներին ապագայում օգնել կենտրոնին՝ աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Շնորհավորանքներից, օրհնությունից հետո «Իմ ուղին» կենտրոնի բակում տեղի ունեցավ երգի պրեմիերա՝ «Աստծո հրեշտակներ», երաժշտության հեղինակն առաջին տիկինն է, «կառավարական» երգի կատարողներն էլ՝ Ինգա եւ Անուշ Արշակյանները:



Միջոցառումից հետո մեզ հաջողվեց մի քանի հարց տալ եւ էքսկլյուզիվ պատասխաններ ստանալ տիկին Ռիտա Սարգսյանից: Նա պատմեց, որ աուտիզմով հիվանդ երեխաների համար ավելի հարմարավետ է այցելել այսպիսի կենտրոններ, քան սովորական դպրոցներ. «Արի ազնիվ լինենք: Մենք դեռ պատրաստ չենք, երեխան դեռ պատրաստ չէ, այն երեխաներն այնտեղ պատրաստ չեն նրան ընդունեն: Ինտեգրացիան կարող է լինել այլ միջավայրում: Այս դպրոցում նրանք միասին կսովորեն, ինտեգրացիան թող լինի ուրիշ միջավայրերում»:



Տիկին Սարգսյանին միշտ տեսնում ենք բարեգործական ծրագրերում, երբեւէ հնարավո՞ր է, որ նա զբաղվի քաղաքականությամբ: «Ոչ մի դեպքում, խոսք եմ տալիս: Եթե ինչ-որ բան եք լսել, վախենում եք, չի լինելու դա»: Իսկ Ձեր ամուսնուն խորհուրդներ տալի՞ս եք քաղաքականության ոլորտում: «Մի անգամ փորձել եմ, բայց տեսել եմ, որ սխալվել եմ, կարիք չկա երկրորդ անգամ»: Ի դեպ, ինչպես տեղեկացանք, առաջին տիկինը շարունակում է ստեղծագործել, եւ մոտ ապագայում նոր երգ «կծնվի», բայց այդ մասին դեռ չի խոսում: