Տարեկան 20-25 միլիոն դոլար ավելի ենք վճարել

Տարեկան 20-25 միլիոն դոլար ավելի ենք վճարել

Ոչ իշխանականները դեռ չեն որոշել՝ գազի հանձնաժողովի կայացրած աղմկահարույց եզրակացության քննարկումից հետո շարունակելո՞ւ են այդ հանձնաժողովի աշխատանքները, թե՞ իրենց լիազորությունների շրջանակում հետամուտ են լինելու, որ պատասխանատվության կանչվեն բոլոր նրանք, ում թերացման արդյունքում ոլորտում ձեւավորվել է ամենաթողություն: ԲՀԿ-ական պատգամավոր, գազի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը երեկ մեզ հայտնեց, որ որոշում կկայացնեն եզրակացությունն ԱԺ առաջիկա քառօրյայում եւ կուսակցություններում քննարկելուց հետո: Հիշեցնենք, որ խորհրդարանն անցած քառօրյայի վերջին նիստի վերջին ընդմիջումից հետո սկսեց հարցի քննարկում եւ այն կշարունակի հաջորդ շաբաթ: Բանն այն է, որ եզրակացության մեջ տեղ գտած պաշտոնական թվերը բացահայտում են համակարգում իրականացված բացահայտ թալանի մասին:



Գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ, օրինակ, նշված է, որ ՀՀ էներգետիկայի նախարարի 2007թ. հունիսի 18-ի հրամանով (նախարար Արմեն Մովսիսյան) բնական գազի փոխադրման կորստի սահմանային չափ է սահմանվել 4.84, բաշխման կորուստների չափ՝ 3.8 տոկոս, ընդամենը՝ 8.64 տոկոս: Մինչդեռ գազի հարցերով հանձնաժողովին հաշվարկ չի ներկայացվել, թե ինչպես են ստացվել վերոնշյալ թվերը: Իսկ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այդ կորուստները նույնպես ներառել է գազի սակագնի մեջ:



Այսինքն, չհիմնավորված կորուստների համար վճարել են շարքային քաղաքացիները: «Իհարկե, կան տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ: Նախատեսված է եղել, որ այդ նորմատիվային կորստի ցուցանիշը պետք է լիներ 5.37 տոկոս, մինչդեռ իրական կորուստները սակագնով նախատեսված նորմատիվային կորստի չափից միշտ շատ են եղել: Սա բերել է նրան, որ բաշխման կորուստների չափը եթե բազմապատկենք ներկրվող գազի ծավալով՝ 1.7-1.8 միլիարդով, կստանանք մոտավորապես 50 մլն խմ գազ տարեկան, այսինքն՝ այսքան ավել, քան նախատեսված է եղել: Սա գերնորմատիվային կորուստ է, իսկ եթե սա էլ բազմապատկենք միջին սակագնով, ապա կստանանք, որ տարեկան 20-25 միլիոն դոլար ավել գումար ենք վճարել»,- ասաց Մելքումյանը: