Պատերազմ հնարավոր չէ, բայց կրակոցներն էլ կանգնեցնել հնարավոր չէ

Պատերազմ հնարավոր չէ, բայց կրակոցներն էլ կանգնեցնել հնարավոր չէ

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ղարաբաղյան խնդրի լուծման 3 տարբերակ է տեսնում. բանակցությունների միջոցով, զինված հարձակումով եւ բանակցություններին զուգահեռ ռազմական ճնշում օգտագործելով: Այդպիսի տեսակետ նա հայտնեց երեկ Կովկասի ինստիտուտում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ, ապա, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է բանակցային գործընթացը կանգնած, եւ հնարավոր չէ՞ հասնել որեւէ նպատակի, նշեց այն հանգամանքը, որ չկան նախապայմաններ, 92-ից հայկական կողմը միշտ գնացել է զիջումների եւ հիմա էլ հայկական կողմը պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքները` դրա դիմաց ստանալով Ղարաբաղի կարգավիճակ, բայց մեր այդ զիջումներին Ադրբեջանը համաձայնում է Ղարաբաղի կարգավիճակը քննարկել Ադրբեջանի կազմում միայն: Ստացվում է, որ հայկական կողմը գնում է զիջումների, իսկ Ադրբեջանը` ոչ: Այդ վիճակը եղել է ու կա ՀՀ բոլոր 3 նախագահների օրոք. «Հնարավոր չէ այսօր լուծել Ղարաբաղի խնդիրը, որովհետեւ Ադրբեջանը որեւէ մի զիջումների չի գնում»:



Ինչ վերաբերում է ռազմական ճանապարհին, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը զինվում է, ապա, ըստ բանախոսի, դա իր համար Ղարաբաղի հարցը լուծելու ճանապարհ չէ. «Հայկական կողմը, վարելով ճիշտ քաղաքականություն, ապահովում է ռազմաքաղաքական բալանսը, եւ եթե Ադրբեջանի ռազմական բյուջեն այսօր կազմում է 3 միլիարդ 200 միլիոն, ապա Հայաստանը դա կարողանում է հավասարակշռել 400 միլիոնով՝ ի շնորհիվ արտաքին քաղաքականության վեկտորի եւ ՀԱՊԿ-ի անդամակցության պատճառով: Բացի այդ, գնահատելով 2 երկրների անվտանգությունը, կտեսնենք, որ եթե Ադրբեջանն ունի ռազմավարական աջակցության պայմանագիր Թուրքիայի հետ, Հայաստանն ունի Ռուսաստանի հետ: Իսկ ուժային առումով Թուրքիան եւ Ռուսաստանը տարբեր մակարդակի երկրներ են»: Ըստ այդմ, ըստ նրա, Հայաստանի տարածքը պաշտպանված է հայկական բանակով, հայ-ռուսական հարաբերություններով եւ ՀԱՊԿ-ի պայմանագրով, ինչը չունի Ադրբեջանը:
Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ Ադրբեջանը չունի տարբերակ հարցը լուծելու թե բանակցությունների եւ թե ռազմական առումով, որովհետեւ դա կբերի լրջագույն հակամարտության տարածաշրջանում, դրա համար դիվերսիաների միջոցով փորձում է հասնել փոքր հաջողությունների եւ բարձրացնել իրենց բանակի ու բնակչության մարտական ոգին, ինչը չի հաջողվում, որի վառ ապացույցն այն է, որ արգելել են իրենց կողմի զոհերի մասին մամուլում գրել:



Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ նշեց, որ ղարաբաղյան կոնֆիլկտը, չլինելով եզակի, շատ քիչ հնարավորություն ունի լուծվելու կոմպրոմիսային դաշտում, գոնե այս փուլում: Մինասյանի կանխատեսմամբ, ներկայիս իրավիճակը մոտ ապագայում չի անցնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որովհետեւ պահպանվում են ռազմական եւ ռազմատեխնիկական բալանսը, աշխարհաքաղաքական դիրքը, արտաքին գործոնը` Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները, ինչպես նաեւ լավ հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ արեւմտյան երկրների հետ. «Եթե Ադրբեջանն ուզում է պատերազմ սկսի, ապա պետք է լայնամասշտաբ գործողությունների դիմի եւ հարվածի նաեւ Հայաստանի ուղղությամբ, ինչն իր ռազմաքաղաքական շահերից չի բխում»:



Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, ղարաբաղյան կոնֆլիկտը, չնայած 20 տարիների տեւողությանը, երկարատեւ կոնֆլիկտ չի կարելի համարել: Այս տեսակ կոնֆլիկտները մոտենում են մինչեւ 50 տարվա սահմանագծին, որոնցից են Քաշմիրը, Թայվանը, Իսրայելը, Սահարան, Իռլանդիան, եւ պետք է նկատի ունենալ, որ եթե ունես արդեն պետություն, կարեւոր չէ` ճանաչված, թե ոչ, հեշտ չէ այդպիսի կոնֆլիկտները լուծել: Իսկանդարյանի գնահատմամբ, քաղաքական հեռանկարում պատերազմ հնարավոր չէ, բայց, ցավոք, կրակոցներն էլ կանգնեցնել հնարավոր չէ, որովհետեւ դա տեխնիկական հարց չէ, եւ ռազմական գործիքներով պատերազմը հնարավոր չէ կանգնեցնել:



Վաղարշակ Հարությունյանի խոսքով, Ադրբեջանն այսօր խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանի եւ Ղարաբաղի հետ, այլ նաեւ Թուրքմենստանի, Իրանի, եւ այն ռազմամթերքը, որ առնում է, պետք է առնվազն բաժանել 3 մասի: Ադրբեջանը չի կարող հարվածել Հայաստանին, որովհետեւ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ի եւ ռուսական բազայի հովանոցի տակ: Ադրբեջանը դա լավ գիտի եւ նույնիսկ ասում է, որ պատերազմը պարտվել է ոչ թե հայերին կամ ղարաբաղցիներին, այլ՝ ռուսներին, ինչը, բնականաբար, այդպես չէ, որովհետեւ մենք այն հաղթել ենք մեր տղաների ոգով:



Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, ապա նախկին պաշտպանության նախարարի համար դա անխուսափելի է, եւ այս դեպքում պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է դրանով հետապնդում Ռուսաստանը: Ըստ նրա, Ռուսաստանի շահերից միանշանակ չի բխում, որ Ղարաբաղում պատերազմ սկսվի. «Ինքը դրանով ուժեղացնում է իր ազդեցությունն Ադրբեջանի վրա եւ տարածաշրջանում, հիմա ես հարց եմ տալիս. ո՞ւմ շահերից է բխում, որ այստեղ ուժեղ լինի Ռուսաստանը: Այս հարցին կենցաղային չպետք է նայենք, այլ արդյոք սա մեր դեմ ուղղվա՞ծ է, թե՞ ոչ»: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է լարվածությունը հատկապես Տավուշի սահմանի մոտ եւ ոչ, ասենք՝ Նախիջեւանի կողմից, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը դրանով անմիջական եւ հոգեբանական ճնշում է գործադրում բնակելի տարածքների վրա, դրանով ուղղակիորեն մարդկանց դրդելով արտագաղթի: