Գնումնե՞ր, թե՞ կոռուպցիա. Ֆիննախը պարզաբանում է

Գնումնե՞ր, թե՞  կոռուպցիա. Ֆիննախը պարզաբանում է

«Քաղծառայության մասին օրենքը», ինչպես հայտնի է, արգելում է քաղծառայողներին անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (հոդված 24, կետ 1): Այնուամենայնիվ, հարմար եւ շահավետ մեխանիզմներ կան՝ համատեղելու օգտակարն ու հաճելին, զբաղեցրած պաշտոնի լծակները լիուլի ծառայեցնելու սեփական բիզնես-շահերին: Ֆինանսների նախարարության համակարգում մի աննկատ, առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր ստորաբաժանում կա՝ երկար անունով. պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչություն:



Այն 4 բաժին ունի եւ զբաղվում է գնումների գործընթացի կարգավորմամբ ու համակարգմամբ, գործարքների հաշվառմամբ եւ այլն: Վարչության պետը՝ Սերգեյ Շահնազարյանը, գնումների ոլորտի փորձառու մասնագետ է, «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի համահեղինակը: Գործարարների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ նա հաճախ է դասախոսություններով հանդես գալիս, եւ հենց այսպես էլ ներկայացվում է՝ հանրապետությունում պետական գնումների ոլորտում առաջատար մասնագետ: Օրերս մի հետաքրքիր փաստաթուղթ ընկավ մեր ձեռքը, որի վրա այս պաշտոնյայի անունն ու ստորագրությունն էր՝ «Ինտեր լիմենս» ՓԲԸ կլոր կնիքով վկայագիր, տրված 2011 թվականին այս կազմակերպության անցկացրած դասընթացների մի մասնակցի: Վկայագիրն ստորագրել էր գնումների փորձառու մասնագետ, «Ինտեր լիմենս» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Շահնազարյանը:



Փորփրելով համացանցը, պարզեցինք, որ 2000 թվականին «Ինտեր լիմենս» ՓԲԸ-ի հիմնական գործունեությունը հանրային եւ մասնավոր հատվածի կազմակերպություններին ու անհատներին մասնագիտական եւ իրավաբանական խորհրդատվության տրամադրումն է, ուսուցումը գնումների գործի կազմակերպման, ներքին աուդիտի իրականացման, դրա որակի, ֆինանսական կառավարման եւ հսկողության, կառավարման համակարգերի բարելավման ոլորտներում, այսինքն, սա հենց այն է, ինչով պետականորեն զբաղվում է Սերգեյ Շահնազարյանի վարչությունը: Այս կազմակերպությունն ինչ-որ հեռախոսահամարներ է նշել համացանցում, որոնք երբեք չեն պատասխանում:



Ծանոթանալով «Ինտեր լիմենս» ՓԲԸ հաճախորդների ցանկին, այնտեղ գտանք բազմաթիվ բյուջետային կառույցներ. Երեւանի քաղաքապետարան, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, Ծաղկաձորի քաղաքապետարան, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ եւ այլն: Տրամաբանական է ենթադրել, որ այս բոլոր կազմակերպություններն ուղղորդվել են դեպի «Ինտեր լիմենս» կենտրոն, վճարելով վերջինիս ՀՀ հարկատուների գումարները: Ի դեպ, այս կազմակերպության ծառայություններից օգտվել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որի աշխատակից էր հանդիսանում կազմակերպության տնօրեն Սերգեյ Շահնազարյանը:



Դասական կոռուպցիայի մեծագույն ռիսկ պարունակող այս սխեմայի վերաբերյալ փորձեցինք բացատրություն ստանալ ֆինանսների նախարարությունից: Հասարակության հետ կապերի պատասխանատու Նելլի Մանուչարյանից տեղեկացանք, որ Սերգեյ Շահնազարյանն իրոք աշխատել է «Ինտեր լիմենս»-ում, որպես տնօրեն: 1998 թվականից մինչեւ 2011 թվականի մարտը նա աշխատել է պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչությունում, եղել է այդ վարչության պետի տեղակալը, հետո՝ պետը: «Ներկայում նա չի աշխատում նշված ՓԲԸ-ում, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներից նա դադարել է այնտեղ աշխատել»,- ասաց Մանուչարյանը:



Ներկայում, փաստորեն, օրենքի խախտում չկա, սակայն նախկինում արդյոք իրավունք ունե՞ր այս պաշտոնյան համատեղել բիզնեսն ու պետական ծառայությունը: «Ոչ»,- պատասխանեց մամուլի պատասխանատուն: Ո՞վ է աշխատում Շահնազարյանի փոխարեն, ո՞ւմ է նա թողել ՓԲԸ-ում իր փոխարեն, նախարարության մամուլի պատասխանատուն չգիտեր: Սերգեյ Շահնազարյանը, որին հարցում ուղղեցինք, չցանկացավ մեզ պատասխանել: