Սերժ Սարգսյանն Իտալիայում հանդիպել է խորհրդարանի պալատների նախագահներին (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանն Իտալիայում հանդիպել է խորհրդարանի պալատների նախագահներին (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի եւ Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ:



Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ մեծ պատիվ համարել գտնվել հիասքանչ Հռոմում, որը Հայաստանի համար բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց զատ, տարածաշրջանի կարեւորագույն կենտրոններից է:



ՀՀ նախագահը կարեւորել է իր օտարերկրյա այցերի շրջանակներում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները, քանի որ, ըստ նրա, դժվար է գերագնահատել այն դերը, որ օրենսդիրներն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ ձեւավորելու գործում: Նշելով, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձեւավորել, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաեւ հայ-իտալական միջխորհրդարանական համագործակցությունը՝ հատկապես, որ դրա համար առկա են բոլոր նախապայմանները: Հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում, ըստ զրուցակիցների, միջխորհրդարանական կապերը վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն, ինչի մասին է վկայում երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի առկայությունը:



Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Իտալիայի նախագահ պարոն Մատարելլայի հետ փոխըմբռնման մթնոլորտում կայացած արդյունավետ հանդիպման մասին, որի ընթացքում երկուստեք կարեւորվել են կանոնավոր քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, գիտական համագործակցության ոլորտներում առկա ձեռքբերումների ընդլայնումը, ինչպես նաեւ շեշտադրվել է միջխորհրդարանական կապերի խորացման կարեւորությունը:



ՀՀ նախագահի՝ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի ու Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ հանդիպումների ժամանակ մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ հետ հարաբերությունները շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից, որոնք հիմնվում են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Այդ համատեքստում Նախագահը կարեւորել է Իտալիայի դերը ՀՀ-ԵՄ համընդգրկուն համագործակցության զարգացման գործում։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ հետ իրականացվող համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը:



Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին: