Եկամտաբեր բիզնես՝ Կադաստրի պետական կոմիտեի տարածքում

Եկամտաբեր բիզնես՝ Կադաստրի պետական կոմիտեի տարածքում

Աշտարակի կադաստրի բաժնում մի քաղաքացու ասել էին, որ նա պետք է թղթապանակ գնի՝ 2 հազար դրամ արժողությամբ, սեփականության վկայական ստանալու համար։ Քաղաքացին ենթարկվել էր պահանջին, բայց մտել էր կողքի գրասենյակ, տեսել, որ թղթապանակների գինը 200 դրամ է, եւ զանգահարել էր «Հրապարակ» թերթին։



Մենք այս մասին հայտնել էինք Կադաստրի կոմիտեի վերահսկողության բաժին, բայց փաստն ստուգելու փոխարեն մեզ պատասխանել էին, որ քաղաքացին ինչ-որ բան սխալ է հասկացել։ Միջադեպի շուրջ աղմուկ է բարձրացել։ Աշտարակի կադաստրում կանչել են Գրետա անունով աշխատակցուհուն, որը պապկաներ է վաճառում։ Պարզվում է՝ նա ոչ թե կադաստրի աշխատող է, այլ մասնավոր ՍՊԸ-ի, որը կադաստրի տարածքում իր բիզնեսն է կազմակերպում։ Կադաստրի կոմիտեից պարզաբանում են, որ այս մարմնի գործառույթներն են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար դիմումների ընդունումը եւ փաստաթղթերի (վկայական, տեղեկանք եւ այլն) տրամադրումը։ «Պապկա բացելը» կամ վաճառելն այս մարմնի գործառույթների մեջ չի մտնում։ «Նշված փաստաթղթերը տարածքային ստորաբաժանումներից ուղարկվում եւ սպասարկման գրասենյակներում պահվում են էլեկտրոնային եղանակով, որոնց համար թղթապանակ բացելու անհրաժեշտություն չկա:



Տվյալ գործառույթների իրականացման համար վճարները սահմանված են օրենքով, եւ դրանց իրազեկման վերաբերյալ նյութերը փակցված են սպասարկման գրասենյակների` բնակչության համար տեսանելի տեղում: Միաժամանակ կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում տրամադրվում է անշարժ գույքին առնչվող հարցերով անվճար տեղեկատվություն, որով հեշտացվում է դիմողների կողմից իրենց իրավունքներն իրացնելը եւ ծառայություններից օգտվելու ընտրությունը»։ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմից հայտնեցին նաեւ, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տարբեր կազմակերպություններ կան, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում՝ ասենք, իրավունքների պետական գրանցման կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) ու հողաշինարարության գործունեության, անշարժ գույքի շուկայական գնահատության, թարգմանչական եւ այլն, բայց սրանք «որեւէ առնչություն չունեն կոմիտեի սպասարկման գրասենյակների կողմից իրականացվող գործառույթների հետ»:



Պարզելու համար, թե այս ծառայություններից որն է «պապկաներ» վաճառում քաղաքացիներին 2 հազար դրամով, գնացինք Կադաստրի կոմիտեի Կենտրոնի բաժին։ Պարզվում է՝ այդ ծառայությունը մատուցում է «Easy pay» կազմակերպությունը, որը գրասենյակային փոքրիկ տարածք է վարձակալում կադաստրի կոմիտեից եւ «Կազմ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր ունի վերջինիս արտադրած թղթապանակները 2 հազար դրամով քաղաքացիներին վաճառելու մասին։ «Easy pay»-ի գործակալները մեր այնտեղ հայտնվելու պահին վրդովված քննարկում էին միջադեպը։ Նրանց արդեն նկատողություն էին արել Կադաստրի կոմիտեից այն բանի համար, որ պարտադիր կարգով են վաճառում թղթապանակները, իսկ գործակալ կանայք վստահեցնում էին, որ իրենք նման բան չեն արել, եւ որ թղթապանակներ գնելը պարտադիր չէ։



«Կազմ» ՍՊԸ մենեջեր Կարեն Արզումանյանը ցույց տվեց չարաբաստիկ թղթապանակը՝ կավճապատ կազմ, որի վրա գրված է. «Վկայական անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման»։ Նա հայտնեց, որ անձամբ եղել է Աշտարակում, զրուցել Աշտարակի գործակալի հետ, որը թոշակառու կին է, Գրետա անունով։ Վերջինս երդվել է, որ չի հարկադրել քաղաքացուն թղթապանակ գնել։ «Քաղաքացին կարող է վերցնել իր վկայականը եւ հեռանալ, ոչ ոք նրան չի ասում, որ անպայման պապկա գնի»,- բացատրում էր մեզ Կարեն Արզումանյանը։ «Իսկ ինչո՞ւ է այս երկու թղթից կազմը՝ վրան մի քանի տառեր խփած, այդքան թանկ»,- հարցրինք մենեջերին։ «Դա էլ մեր բիզնեսի գաղտնիքն է, դա ինձ պետք է եկամուտ ստանալու համար, իսկ ես ո՞նց աշխատավարձ վճարեմ իմ աշխատողներին»,- պատասխանեց վերջինս։



Նա նաեւ հայտնեց, որ մեր հրապարակումը խփել է նրա բիզնեսին։ «Մինչեւ այդ, օրական մոտ 100 թղթապանակ էինք վաճառում, իսկ այսօր աղջիկները բողոքում են, որ ամբողջ օրվա ընթացքում երեք-չորս հատ են վաճառել»։ Նրա խոսքերից երեւում էր, որ քաղաքացիներն իրոք թղթապանակ գնելն ընկալել են որպես վկայական ստանալու պարտադիր պայման։ Վատ բիզնես չէ՝ մի թղթապանակի վրա 300-400 դրամ ծախսել, բայց վաճառել այն 2 հազարով։