Զորավարժություններ, թ՞ե անձի առևանգում

Զորավարժություններ, թ՞ե անձի առևանգում

Պաշտպանության նախարարությունը զորավարժություններ է անցկացնում, և այս օրերին ՊՆ աշխատակիցները զանգահարում են քաղաքացիների տներ և կանչում են զինկոմիսարիատ։ Բանավոր կանչեր ստանում են ինչպես զինապարտ, այնպես էլ զինծառայությունից ազատվածները։ Ներկայացողներից ոմանց անմիջապես ավտոբուսներն են լցնում և տանում են զորամաս։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց խաբեությամբ բերել են և համոզելով փորձել են տանել ուղիղ սահմաններ։ Ըստ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, զինկոմիսարիատների աշխատակիցների գործողությունները միանգամայն օրինական են և պայմանավորված են «Զինապարտության մասին օրենքով»։



Հարցին, թե որքան ժամանակ են տևելու վարժական հավաքները, որ տարիքային խմբերին են  վերաբերում դրանք, նա չպատասխանեց, պատճառաբանելով, որ այս տեղեկությունները զինվորական գաղտնիք են։ «Չենք կարող ասել, թե որ տարիքային խմբերին ենք տանում, բայց ամեն ինչ օրինական է, ամեն տարի էլ նման հավաքներ լինում են։ Զինապարտության մասին օրենքով բոլոր տարիքային խմբերը, անկախ նրանից երբ են ավարտել ծառայությունը, կանչվում են զինկոմիսարիատ»։ Հարցին, թե իրավունք ունեն առանց ծանուցագրի կանչել զինկոմիսարիատ, նա պատասխանեց․ «Ծանուցագիր պետք է ուղարկեն, բայց ոմանց չեն կարողանում գտնել և զանգով են կանչում»։ Իսկ կարո՞ղ են տնից կանչել և առանց զգուշացնելու, վերցնել ու տանել։ «Բացառիկ դեպքերում կարող են միանգամից տանել»։ Հիշեցնենք, որ «Զինապարտության մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է, որ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են 



ա) ժամանակին եւ սահմանված ձեւով համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնել հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաեւ տրամադրել նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ։ 



բ) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին»։



Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս օրերին չի ստացել ահազանգեր անօրինական կանչերի մասին, սակայն վստահեցնում է, որ եթե կա նման բան, ուրեմն, դա ոչ թե զորավարժության տանել է, այլ ապօրինի ազատազրկում, կամ առևանգում, որի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ «Քաղաքացիերին իրավունք չունեն առանց ծանուցագրի, միայն հեռախոսազանգով  զորավարժանքների կանչել։ Դա միանշանակ է» - ասաց իրավապաշտպանը։