Վերաքննիչ դատարանի «աղջիկ-կարգադրիչները» փորձել են ապօրինի խուզարկություն կատարել

Վերաքննիչ դատարանի «աղջիկ-կարգադրիչները» փորձել են ապօրինի խուզարկություն կատարել

Այսօր ժամը 12.00 վերաքննիչ քրեական դատարանը պետք է քններ փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը, որով նա պահանջում է վերացնել Կենտրոն- Նորք- Մարաշ դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը և իր պաշտպանյալին՝ դատապարտյալ, Արթուր Այվազյանին փակ հաստատությունից տեղափոխել բաց ուղղիչ հիմնարկ։ Արթուր Այվազյանին՝ հայտնի Մանախին, բերել էին դատարան։ Ստացվեց, որ իզուր։ Նիստը հետաձգվեց անհեթեթ պատճառով։ Կարգադրիչները արգելեցին փաստաբան Հայկ Ալումյանին դահլիճ մտնել, քանի որ նա թույլ չտվեց նրանց պարզել իր պայուսակի պարունակությունը։ Դատավորը հարցրել է կարգադրիչներին, թե ինչու չեն ներս թողնում փաստաբանին։ Նրանք էլ, ըստ Ալումյանի, խաբել են դատավորին, ասելով, որ փաստաբանը հրաժարվել է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։ «Իմ պայուսակում փաստաթղթեր են, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություներով, և իրենք իրավունք չունեն դրա մեջ մտնելու, - ասում է Հայկ Ալումյանը, - նրանք լավ չեն պատկերացնում իրենց իրավասության սահմանները։ Հետաքրքիրն այն է, որ դա անում են կին, կամ աղջիկ կարգադրիչները, որոնք իրավունք չունեն հակառակ սեռի ներկայացուցչի խուզարկել։ Երկրորդն էլ, դա մեր աշխատավայրն է, մենք այնտեղ աշխատանքի ենք գնում, և այդպես որ լիներ, պետք է բոլոր դատավորներին, իրենց օգնականներով, քարտուղարներով, քննիչներով զննեն, մեզ էլ հետը, եթե, իհարկե, կարողանան հիմնավորել, թե ինչ պատճառ կա զննելու»։ Հայկ Ալումյանը նկատել է, որ դատախազներին և քննիչներին կարգադրիչները սովորաբար չեն խուզարկում, բայց փաստաբանների նկատմամբ ժամանակ առ ժամանակ փորձում են նման ոտնձգություններ անել։ «Դե, բայց կարգադրիչներից չի կարելի նեղանալ, նրանք չեն որոշում, թե ինչ անեն», - ավելացրեց Ալումյանը։