«Ես արյուն տեսնել չեմ կարող, մի հավ անգամ չեմ սպանել»

«Ես արյուն տեսնել չեմ կարող, մի հավ անգամ չեմ սպանել»

Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի որոշումը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ԱԺ պատգամավոր Վահագն Գևորյանին սատարելու մասին, որն, ինչպես հայտնի է, նաև Գագիկ Ծառուկյանի հովանավորյալն է, քաղաքապետի մյուս թեկնածուներին անակնկալի չի բերել։ Վահագն Գևորգյանը ԵԿՄ անդամ է և ազատամարտիկ։ «Արդյո՞ք սրանով ձեր շանսերը չեն նվազում»,- հարցրեցինք Աբովյանի  նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանին։



- Ես ինքս ինձ եմ պաշտպանում և իմ ժողովուրդն է ինձ պաշտպանում, իսկ ազատամարտիկներին ես հարգում եմ, որովհետև գնացել են Ղարաբաղ, արյուն են թափել։ Իմ նմանները չեն գնացել, և ես պարտավոր եմ նրանց հարգել։ Ամեն մարդ չէր գնա։ 



- Ինչ՞ու Ձեր նմանները չեն գնացել։ Այսինքն, ի՞նչ եք ուզում ասել։  



- Ես արյուն չեմ տեսել։ Նվեր զենք ունեմ, բայց ես կրակել չեմ սիրում։ Անգամ մի հավ չեմ սպանել կյանքում։ Հետ՞ո ինչ։ Ես էլ իմ ձևով եմ օգնել կռվողներին։ Երբ որ ես քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ էի, փող եմ տվել, զենք են առել, գնացել են Ղարաբաղ։ Ես շատ հարազատներ ունեմ, որոնք կռվել են։ Հո ամբողջ գերդաստանով չէի՞նք գնալու կռվենք։ 



-Դուք շա՞տ փող ունեիք։ 



— Առաջին փող ունեցողը Աբովյանում ես էի, և դա գողացած փող չէր, այլ պաշտոնապես գրանցված։ Տվել եմ, զենք եմ առել։ Բայց ես արյուն տեսնել չեմ կարող։ «Վինչեսստերս» պահարանում, փամփուշտները 50 մետր այն կողմ էի պահում, որ հանկարծ չկրակեմ։ Ես ջղայն մարդ եմ։ Արյունը շատ վատ բան է, աղջիկ ջան։ 



Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին։ Այս պահին քաղաքապետի 6 թեկնածու է գրանցված՝ Վահագն Գևորգյանը, որն ընկալվում է որպես իշխանական, Էդվին Թադևոսյանը, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, Սամվել Հակոբյանը, Ծառուլյանի թշնամի, «Քինգ դը լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը՝ «Պալաչ» մականունով և մյուս Արթուր Հարությունյանը, որը «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի ազգականն է։