Լոնդոնի բազմազանությունը՝ Մարկ Գրիգորյանի լուսանկարներում

Լոնդոնի բազմազանությունը՝ Մարկ Գրիգորյանի լուսանկարներում

Ճանաչված լրագրող Մարկ Գրիգորյանը Լոնդոնում՝ ԲիԲիՍի-ում աշխատելու տարիներին սիրում էր լուսանկարել այն վայրերը, ուր այցելում էր, եւ մարդկանց, ում հետ զրուցում էր: 11 տարի ապրելով ու աշխատելով Լոնդոնում, նրա լուսանկարչական ապարատը 6-7 տարիների ընթացքում ֆիքսել է Լոնդոնի բազմազանությունը՝ պահպանողականից մինչեւ մոդեռն: Ցուցահանդեսը հենց այդպես էլ կոչվում է․ «Լոնդոնի բազմազանությունը՝ Մարկ Գրիգորյանի աչքերով», որի բացումը նախատեսված է այսօր՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, ժամը 17։00-ին։



Մարկ Գրիգորյանի համար, ով աշխատել եւ ճամփորդել է աշխարհի ամենատարբեր քաղաքներում, Լոնդոնն առանձնանում է ոչ միայն իր կոլորիտով․ «Լոնդոնը յուրահատուկ քաղաք է եւ առանձնանում է ոչ միայն աշխարհի քաղաքների շարքում, այլեւ՝ Անգլիայի քաղաքների։ Ես ուզեցի ցույց տալ, թե ինչպիսին էի տեսնում այդ քաղաքը, երբ լոնդոնցի էի, ինձ հետաքրքիր էր ցույց տալ, թե քաղաքն ինչքան բազմազան է, մարդիկ ինչքան են տարբերվում իրարից, ուզեցի ցույց տալ Լոնդոնը եւ անձրեւի ժամանակ, եւ արեւոտ օրերին, հանգստի ժամին եւ աշխատանքի, մի խոսքով՝ այն քաղաքը, որ սիրեցի»։



Ցուցահանդեսում ներկայացված է 40-ից ավելի լուսանկար, որոնց ընտրությունը, ինչպես Մարկ Գրիգորյանն է նշում, սարսափելի դժվար է եղել, նախապես ընտրված 150 լուսանկարից ընտրել է 100-ը, դրանք էլ հետո իրենց հերթին պակասեցրել է․ «Այդ «բազմազանություն» բառն ինձ համար մեծ նշանակություն ուներ նկարներն ընտրելուց։ Ուզում էի, որ ոչ միայն նկարները ցույց տան այդ բազմազանությունը, այլ նաեւ ժանրերի բազմազանություն լինի։ Այդ առումով ցուցահանդեսը մի քանի խորհրդանիշներ ունի լուսանկարների մեջ․ նկարներից մեկը սա է՝ փակված շինհրապարակ, եւ այդ փակված մասի վրա մեկը գրաֆիտով նկարել է Էյնշտեյնին, որի կողքին նստած է մի շուն, իսկ Էյնշտեյնի ձեռքին մի ցուցանակ կա, վրան գրված՝ պատասխանը սերն է։ Ես դա համարում եմ ցուցահանդեսի խորհրդանիշներից մեկը։ Լուսանկարներ էլ կան, որոնք ավելի շատ մոդեռնի ոճով են արված, որտեղ փորձել եմ խաղալ գույների, ձեւերի, ծավալների հետ»։



«Պահպանողականություն» բառը կարծես մի քիչ խորթ է հնչում Լոնդոնի համար, այնուամենայնիվ, պահպանողականության ի՞նչ կենսաձեւեր ու իրավիճակներ է ֆիքսել Մարկ Գրիգորյանը։ «Պահպանողականություն, իհարկե կա, պատկերացնում եք, որ փողոցով քայլում եք, եւ ձեզ հանդիպակաց գալիս է հնաոճ, 19-րդ դարի բարձր ցիլինդրով մի տղամարդ։ Այսպիսի մի լուսանկար էլ կա․ 2 տղամարդ, Գրինվիչի շուկայում կանգնած, իրար հետ զրուցում են ու ծխում, իսկ իրենց հագուստը, կանգնելու ձեւը 50-ական թվականների Անգլիան են հիշեցնում, ու հասկանում ես, որ պահպանողականությունն այդ մարդկանց արյան մեջ է»։



Թե որպես լրագրող եւ թե որպես լուսանկարիչ, քաղաքը, մարդկանց ճանաչելու համար Մարկ Գրիգորյանը գնում է առաջին հերթին շուկա, ավելին՝ նկատել է, որ շուկայում աշխատողները կարոտ են մարդկային շփման։ Այդպիսի բազմաթիվ լուսանկարներ ունի Լոնդոնի շուկաներից, որոնցից մի քանիսն են ներկայացված այս ցուցահանդեսում, ընդ որում՝ լուսանկարներից մեկը դատարկ շուկան է՝ հաճախորդների գալուց առաջ։



Մարկ Գրիգորյանն ընդգծում է, որ ինքը միշտ եղել է գրող, լրագրող, բայց 90-ականներին իր ամենամտերիմ ընկերը եղել է Ռուբեն Մանգասարյանը, որը 20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի հայ ամենավառ լուսանկարիչներից մեկն է եղել․ «Մենք իր հետ տեսնվում էինք ամեն օր, աշխատում էինք իրար հետ, հանգստանում էինք միասին, եւ, իհարկե, այդ ընթացքում Ռուբոն սկսում էր գրել, իսկ ես՝ լուսանկարել, դա ինքնաբերաբար էր ստացվում մեզ մոտ։ Սա իմ կյանքում առաջին լուսանկարչական ցուցահանդեսն է, որը մեծ սիրով ու խոնարհումով նվիրում եմ Ռուբոյի հիշատակին»։