«Լուվրի պահապանները» Տարոն Մարգարյանի հետ լեզու չեն գտել

«Լուվրի պահապանները» Տարոն Մարգարյանի հետ լեզու չեն գտել

Շենգավիթի շրջանի Եղբայրության փողոցում գտնվող այս կիսափլված հանրակացարանը, որը 78 տարի առաջ Կիրովի անվան գործարանն է կառուցել իր տուն չունեցող աշխատողների համար, պարզվում է, պատմամշակութային հուշարձան է եւ պահպանվում է մշակույթի նախարարության կողմից։ Ավելի ճիշտ, այս հայկական Լուվրի ոչ բոլոր հատվածներն է պահպանում նախարարությունը։ Բնակիչների մի մասին, որոնց «աչքերի գույնը դուր է եկել» մշակույթի նախարարին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրանք թույլ են տվել պատշգամբներն առաջ տալ, քանդել փտած «պատմամշակութային» պատշգամբները եւ քարից նորերը կառուցել, առաջ գալ, ընդլայնվել, չաղանալ, զավթել հուշարձանի տարածքն ու բակը, ավտոտնակներ տեղադրել։



Մյուսներին, ովքեր լեզու չեն գտել քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ մշակույթի նախարարի հետ, թույլ չեն տվել։ Նրանց թվում են Եղբայրության 14 շենքի բնակիչներ Հարությունյանը, Խաչատրյանը, Փաշինյանը, եւս 3 հոգի, որոնք արդեն տարեց մարդիկ են, այստեղ երեխաներ են ունեցել, տղա-աղջիկ են ամուսնացրել, թոռներ ունեն եւ սույն «պատմամշակութային» պատերում ապրելու փոխարեն կնախընտրեին գոնե ամուր պատշգամբ կամ եւս մի 5-10 քառակուսի ունենալ։ «Մեր հարեւաններն առաջ են բերել պատշգամբները եւ քարից են սարքել, մենք էլ դիմեցինք անձամբ Տարոն Մարգարյանին։ Սկզբում ասել են՝ ձեր շարքի բնակիչների համաձայնությունը բերեք, բերեցինք, հետո ասեցին՝ ամբողջ շենքի համաձայնությունը, բերեցինք, հետո, թե՝ էսքիզ գծել տվեք, դա էլ արեցինք, հետո էլ, թե՝ բա շենքը հուշարձան ա, մշակույթի նախարարությունը թույլ չի տալիս»։ Մշակույթի նախարարն ու Տարոն Մարգարյանը, հավանաբար, որոշել են, որ վերոնշյալ մարդիկ ավելի նման են Լուվրի պահակների, եւ նրանց պետք է թողնել փտած փլատակների տակ։ Տղամարդիկ գնացել են մշակույթի նախարարություն։ «Ասեցին՝ լավ է, որ այդ հարցը բարձրացրել եք, սպասեք երկու շաբաթ, ձեր հարցը կորոշենք»։



Անցել է մեկ տարի։ Երեկ փլատակի պահապանները գնացել են մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի մոտ։ Նրանց ասել են՝ մենք Ձեզ կզանգենք։ Բայց զանգ ստանալու հույսը կորցրած՝ ծերունիները եկել էին «Հրապարակ»։ Չպետք է կարծել, որ Հարությունյանը, Խաչատրյանն ու Փաշինյանը չէին ուզում լեզու գտնել քաղաքապետարանի չինովնիկների հետ։ «Մեզ ոչ առաջարկել են իրենց փող տալ, ոչ էլ թույլ են տվել վերակառուցել պատշգամբները։ Թաղապետարանում բացատրեցին, որ մեր դժբախտությունն այն, է, որ մենք շատվոր ենք, շատով ենք դիմել, ոչ թե մեկ-մեկ, ահա ինչու մեզ հետ լեզու չեն գտել։ Բայց այս մեկ տարում, ինչ մենք գնում-գալիս ենք, երկուսը շենքի բնակիչներից բալկոններն առաջ են տվել»,- պատմում է Խաչատրյանը։



Այս երկուսի «բալկոնը», փաստորեն, հուշարձան չի եղել, բայց եթե «գեղարվեստը» մի կողմ դնենք, ապա սա կոչվում է դասական կոռուպցիա՝ ձգձգել, գործը բարդացնել, տանել-բերել, եւ երբ տեսնում են, որ փող-մող չեն տալիս, մերժել, ըստ որում՝ գրագետ ձեւով։ Ասենք՝ գրել այսպես․ «Եղբայրության 14 հասցեում գտնվող շենքի փայտյա պատշգամբների վերակառուցման եւ ընդլայնման թույլտվության կապակցությամբ հայտնում ենք, որ շենքն ընդգրկված է Շենգավիթի պատմամշակութային հուշարձանների տարածքում։ Սահմանված կարգի համաձայն, հարցում է կատարվել մշակույթի նախարարությանը, որը գտնում է, որ փայտյա պատշգամբների վերանորոգումը ոչ նպատակահարմար է, քանի որ այն չի բխում հուշարձանի պահպանման պայմաններից, չի ապահովում հուշարձանի անվթարայնությունը, աղճատում է պատմամշակութային եւ գեղարվեստական արժեքը։



Առաջարկում ենք այս հարցը քննարկել մշակույթի նախարարության հետ եւ դրական եզրակացության դեպքում միայն ներկայացնել քաղաքապետարան»։ Ոչ ոք չի մոռացել, թե ինչ խոստումներ էր տալիս Տարոն Մարգարյանն ընտրությունների փուլում։ Բայց հիմա ընտրվելու ժամանակը չէ, եւ Տարոնին ժամանակին ձայն տված ծերունիները թաղապետարանից քաղաքապետարան են գնում, նախարարությունից՝ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն, չինովնիկների ընդունարաններ, դռնեդուռ՝ անհույս ու անիմաստ։