Վահան Հովհաննիսյանի նոր գիրքը. «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել»

Վահան Հովհաննիսյանի նոր գիրքը. «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել»

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը, որում զետեղված է նաեւ համանուն խորագրով հոդվածաշարը։ Գրքի խմբագիրն է Հարություն Հարությունյանը, գիրքը լույս է տեսել yerkir.am կայքի եւ ՀՅԴ Երեւանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ: Երկլեզու գրքում (հայերեն, ռուսերեն) Վահան Հովհաննիսյանը խոսում է վերնախավի, ազգային էության, իշխանության ճգնաժամի եւ մի շարք այլ հարցերի մասին՝ տալով «ինչու» հարցը․ «Եթե հարցնեք մեր կառավարության ներկայացուցիչներին, թե ինչու օտարերկրյա ներդրումները չեն հոսում մեր երկիր, պատասխանը կանխատեսելի կլինի՝ շրջափակում, անավարտ ռազմական հակամարտություն, օգտակար հանածոների պակաս եւ այլն։ Եթե նույն հարցը տաք ընդդիմության ներկայացուցիչներին, նրանք, բնականաբար, պատճառը կհամարեն համատարած կոռուպցիան, կաշառակերությունը եւ իշխանությունների անկարողությունը։ Նրանք, իհարկե, ճիշտ են, ինչպես, ի դեպ, նաեւ նրանք, ովքեր տրտնջում են, թե մեր ընդերքն աղքատ է, տարածաշրջանը՝ անկայուն, եւ շրջափակված ենք։ Այո, սա հենց այն դեպքն է, երբ երկու կողմն էլ ճիշտ են։ Սակայն կարծում եմ՝ այլ պատասխան էլ կա»։      



Գրքի շնորհանդեսին ներկա էին Հովհաննիսյանի հարազատները, կուսակցական ընկերներ, մտավորականներ, ընթերցողներ: Նրանց շարքում էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Նա հիշեց, որ երբ Վահան Հովհաննիսյանը լավ տրամադրություն էր ունենում, իրեն ասում էր՝ «նաչալնիկ», իսկ երբ վատ, ասում էր՝ «հանցավոր իշխանության ներկայացուցիչ»։ Աշոտյանը նշեց, որ ցանկացած դեպքում նրա հետ շատ հետաքրքիր էր շփվելը եւ հաճելի աշխատելը․ «Վահան Հովհաննիսյանն այն մարդկանցից է, ով ողջ է այնքան ժամանակ, ինչքան իրեն հիշում ենք։ Այսօր հիշեցի, որ իր «Մանդիլիոն» գրքի ժամանակ, երբ գնեցի գիրքը, գրիչ նվիրեցի, բացեց, փորձեց իմ գրիչով մակագրել, չէր գրում, ասեց՝ էս իշխանություններից ե՞րբ ենք խեր տեսել։ Հետո գրիչը գրեց, ասեցի՝ ընդամենը համբերության խնդիր էր իշխանությունների հետ աշխատելը։ Շատ ջերմ հիշողություններ ունեմ եւ կարծում եմ, որ իր տեղը դատարկ մնաց Հայաստանի քաղաքական դաշտում, եւ չեմ տեսնում մեկին, ով կարող է լցնել այդ բացն իր մեծությամբ, խորությամբ, սրությամբ եւ ինտելեկտով»։ Աշոտյանը հիշեց, որ երբ գրքի ռուսերեն տարբերակը կարդում էր, Հովհաննիսյանը պարբերաբար զանգահարում էր՝ իմանալու իր կարծիքը․ «Գրականագետ չեմ, բայց որպես հայ, որպես իրեն մտերիմ մարդ, հպարտ էի, որ նման քաղաքական գործիչ կա, ով նման ստեղծագործություն է տվել մեզ, որի մեջ պատմականը, ազգայինը, դետեկտիվը, ժամանակակից մատուցման ձեւերը, գրական խորությունը միախառնված էին»։



Նախկին մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանն էլ իր խոսքում նշեց, որ Հովհաննիսյանն այն քիչ մարդկանցից մեկն էր, ում ամբողջ կյանքը, մտածողությունը հայրենիքի գաղափարի շուրջ էր, եւ շատ մեծ գործ արեց հայ քաղաքական մտքի զարգացման համար։ Նա ափսոսանք հայտնեց, որ Հովհաննիսյանն իր բանավոր մտածումները, որոնք շատ արժեքավոր էին, չէր նոթագրում, եւ դրանք արժե որ իրենք՝ ընկերները, հիշողությամբ վերականգնեն։   



Գրքի խմբագիր, հրապարակախոս Հարություն Հարությունյանն էլ հիշեց, որ յուրաքանչյուր հոդված լույս տեսնելիս Վահանը զանգում էր իրեն եւ հարցնում․ «Ջեյմս, ինձ դեռ չե՞ն հեռացրել կուսակցությունից»։ Բայց նրա հոդվածներին սպասում էին բոլորը, իսկ այսօր արդեն՝ նաեւ իրեն կարոտում։ Հարություն Հարությունյանը գրքից մի քանի օրինակ նվիրեց նաեւ շնորհանդեսին ներկա Վահան Հովհաննիսյանի մայրիկին, ով հուզմունքով նշեց, որ Հովհաննիսյանի վերջին ցանկությունն էր հենց գրքի խորագիրը` մայրամուտը հարկավոր է կասեցնել. «Նա չէր ուզում, որ մայրամուտ լինի մեր երկրի համար»:



Շնորհանդեսին ներկա Վահան Հովհաննիսյանի որդին՝ Հայկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ, անկախ գրքի վերնագրից, լուսավոր հոդվածաշար է, եւ ավելի հստակ ու կառուցողական պատգամ կա հոդվածներում` աշխատել ու ավելի քիչ բողոքել․ «Նա մեզ` ընտանիքի անդամներին, երբեք ուղիղ ձեւով խորհուրդներ չէր տալիս, բայց վերջին շրջանում նա սկսել էր ուղիղ խոսել այն ամենի մասին, ինչ մտահոգում էր իրեն՝ մեզ հետ կապված: Ես միշտ էլ գիտեի, որ նա հայրենասեր է, բայց կյանքի վերջին տարիներին համոզվեցի, որ նա հստակ առաքելություն ուներ` հոգ տանել հայրենիքի մասին: Ինքն ամեն ինչ հասցրեց անել. հողին հանձնվելուց առաջ իր բոլոր պատգամները հասցրեց ասել»։