Իրավապահները ցանկանում են ահաբեկել լրագրողներին

Իրավապահները ցանկանում են ահաբեկել լրագրողներին

Պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի շուրջ սկանդալն ավելի է թեժանում։ Կան դատական հայցեր կայքերի դեմ, պաշտպանության նախարարը դիմել է գլխավոր դատախազին՝ իրեն պաշտպանելու խնդրանքով։ Իրավունք ունի՞ արդյոք հանրությունն անդրադառնալու հանրային անձանց, մասնավորապես, նախագահի ապագա թեկնածուի ընտանեկան կյանքին, թե՞ պետք է բավարարվի պաշտոնապես հրապարակվող տեղեկություններով, ինչպիսի՞ն է եվրոպական դատական պրակտիկան։ Հարցերի շուրջ զրուցեցինք «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, եվրոպական իրավունքի գծով մասնագիտացած իրավաբան, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ։ Նա լրագրողների իրավունքների պաշտպանության մի քանի գործեր է ունեցել։ Անցյալ տարի Լուսինե Հակոբյանը պաշտպանել է www.ilur.am լրատվամիջոցի հիմնադիրը հանդիսացող ընկերության շահերը գործով, որի շրջանակներում իրավապահները պարտադրում էին «Հրապարակին» եւ www.ilur.am կայքին աղբյուր բացահայտել: Որպես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ` փաստաբանը մասնակցել է մի շարք գործերի, որոնց շրջանակներում պետական մարմիններից պահանջում է պահպանել այս կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքը եւ հնարավորություն ընձեռել վերջինիս՝ որպես հանրային հսկիչների, կատարել հանրությանը տեղեկություններ տրամադրելու իր պարտականությունը:



- «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածների ապաքրեականացումը եվրոպացիները ողջունեցին, իսկ Հայաստանում սա ժամանակին սուր քննադատության ենթարկեցին։ Անցել է 5 տարի։ Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունք ունենք այսօր, մամուլի վիճակը լավացա՞վ, թե՞ ավելի բարդացավ։



- Մի կողմից` կարելի է ասել, որ արտահայտվելու ազատության իրավունքից օգտվողների, մասնավորապես` լրատվամիջոցների ու նրանց աշխատակիցների համար ավելի նպաստավոր կարգավորում նախատեսվեց, քանի որ քաղաքացիական պատասխանատվությունը քրեականից նախընտրելի է: Մյուս կողմից, սակայն, զրպարտության եւ վիրավորանքի դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով 2010թ.-ից ի վեր նախատեսված փոխհատուցման չափերը` մինչեւ 2 միլիոն եւ մինչեւ 1 միլիոն դրամ, համապատասխանաբար, լրջագույն վնաս սկսեցին պատճառել լրատվամիջոցներին` ունենալով այն «սառեցնող ազդեցությունը», որի մասին ահազանգել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազում վճիռներով: Բացի դրանից, չեմ հիշում անցյալի գեթ մի դեպք, երբ ՀՀ քրեական օրենսգրքի զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվություն սահմանող 135-րդ եւ 136-րդ հոդվածները երբեւէ կիրառված լինեին լրագրողի նկատմամբ: Պետք է հիշել նաեւ, որ այն պահից սկսած, ինչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հայտնվեց 1087.1 հոդվածը, մի շարք հանրային գործիչներ, առաջին հերթին` ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնն զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները, ՀՀ ԱԺ պատգամավորներ շտապեցին դատարաններ՝ իրենց «արատավորված» պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու: Կային «լուսավորյալ» դատավորներ, որոնք կարծել էին, թե եթե քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է, օրինակ, մինչեւ 2 միլիոն դրամ փոխհատուցում, ապա իրենք հենց այդքանն էլ պետք է բավարարեն: Այդ դատավորներից էին Արայիկ Մելքումյանը, Կարինե Պետրոսյանը եւ այլոք: Նրանց վճիռների լույսի ներքո դատավոր Ափինյանի` «լակոտ» բառի համար նշանակած 200 հազար դրամ փոխհատուցումը որոշ մակերեսային ուսումնասիրողների կողմից հռչակվել էր որպես տասնամյակի լավագույն պրակտիկայի օրինակ, սակայն ՄԻԵԴ-ի չափորոշիչների տեսակետից այն եւս անհամաչափ միջամտություն էր խոսքի ազատության իրավունքին:



- Վերջին շրջանում մամուլում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ նրա կնոջը վերաբերող հրապարակումներ եղան։ Նախարարի կինը դատի է տվել մեր թերթին «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի համար, որտեղ արձանագրել ենք այդ հրապարակումների փաստը։ Արդյոք կարելի՞ է համարել զրպարտություն, եթե լրատվամիջոցը թվարկում է այլ լրատվամիջոցում տեղ գտած տվյալները։



- Լրատվամիջոցին ներկայացվող կարեւորագույն պահանջը հավասարակշռված եւ բարեխիղճ լուսաբանումն է: Սա ենթադրում է երկու տեսանկյունների ներկայացում: Խնդրո առարկա հոդվածում այդ հավասարակշռությունը պահպանված է, քանի որ, մի կողմից` լրատվամիջոցը նշել է, որ իր լրատվության աղբյուրն այլ լրատվամիջոցներն են` դրանով իսկ հստակեցնելով, որ 100 տոկոսանոց ճշմարտության մասին չի գրում, այլ հրապարակում է ուրիշ լրատվամիջոցներից իրեն հայտնի դարձածը: Մյուս կողմից` զետեղել է նաեւ նախարարի կնոջ արձագանքն այդ լրատվամիջոցների հրապարակումներին բառացի:



- Եղե՞լ են արդյոք նմանօրինակ գործեր եվրոպական դատական պրակտիկայում, եւ ինչպե՞ս են լուծվել նման վեճերը։



- Այո, իհարկե: Նման գործերի մի ամբողջ շարք է քննել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ արդյունքում մշակել որոշ կարեւորագույն սկզբունքներ, որոնցից այս գործին վերաբերելի է հանրային գործիչների` արտահայտվելու ազատության նկատմամբ առավել մեծ հանդուրժողականություն դրսեւորելու անհրաժեշտության սկզբունքը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք են իրենց, այսպես ասած, «բացում» հանրության առջեւ եւ, հետեւաբար, պետք է առավել մեծ հանդուրժողականություն դրսեւորեն քննադատության նկատմամբ: Մյուս կողմից` լրագրողներն ու լրատվամիջոցները, լինելով «հանրային հսկիչներ», իրավունք եւ պարտականություն ունեն հանրությանը տեղեկություններ տրամադրելու հանրային շահին վերաբերող ցանկացած խնդրի շուրջ, այդ թվում` տեղեկություններ այն մասին, թե արդյոք ներկայիս պաշտպանության նախարարի կինը եղե՞լ է վթարի ենթարկված մեքենայի ղեկին, թե՞ ոչ:



- Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, պահանջելով, որ դատախազությունն ստուգի ԶԼՄ-ներում իր կնոջ մասին տարածվող տեղեկությունները՝ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռք բերելու մասին, եւ եթե պարզվի, որ դրանք սուտ են ու նպատակ ունեն զրպարտելու իրեն եւ իր ընտանիքին, պարզի եւ պատժի հեղինակներին: Նյութերն ուղարկվել են ոստիկանություն։ Որքանո՞վ է օրինական ոստիկանության կամ դատախազության միջամտությունն ստեղծված իրավիճակին։



- Որեւէ կերպ նման միջամտությունը չի կարող օրինական համարվել, քանի որ ապաքրեականացման նպատակն էլ եղել է հենց այն, որ զրպարտության եւ վիրավորանքի դեպքում ժողովրդավարական հասարակությունում լրագրողները քրեական հետապնդման չենթարկվեն, քանի որ այդ կարգավորումներն սպառնում են ազատ խոսքին եւ խոչընդոտում կարեւոր հանրային հարցերի շուրջ քննարկումների ծավալմանը: Ինչպես միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայի համագործակցության եւ անվտանգության կազմակերպություն եւ այլն, այնպես էլ խոսքի ազատության իրավունքի ոլորտում մասնագիտացված միջազգային ու տեղական ՀԿ-ների առաջարկած լուծումը եղել է զրպարտության եւ վիրավորանքի տեղափոխումը քրեական կարգավորումների ոլորտից դեպի քաղաքացիական օրենսդրության եւ պրակտիկայի ոլորտ:



- Հնարավո՞ր է, որ դատախազությունը սուտ մատնության հոդված կիրառի նշված դեպքերի համար։ Արդյոք սուտ տեղեկությունների առկայության համար հրապարակումներում կարելի՞ է կիրառել «Սուտ մատնություն» հոդվածը։



- Եթե հաշվի առնենք, որ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու` «Հրապարակ» եւ www.ilur.am լրատվամիջոցներին ուղղված աղբյուրի բացահայտման իրենց պահանջը հիմնավորելու համար ՀՀ իրավապահները բոլորովին վերջերս կիրառեցին այդ պահանջի հետ որեւէ առնչություն չունեցող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածը, այն է՝ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննարկման կարգը», չեմ բացառում, որ այս անգամ էլ կիրառեն սուտ մատնության համար պատասխանատվություն սահմանող` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը: Դասագրքային ճշմարտություն է, սակայն, որ սուտ մատնության հանցակազմն առկա է այն ժամանակ, երբ հանցագործության մասին տեղեկությունները հայտնվում են պատկան մարմիններին: Այլ մարմիններին ու կազմակերպություններին, այս դեպքում` հանրությանը, նման տեղեկություններ հայտնելը սուտ մատնության հանցակազմ չի առաջացնում: Երկրորդ` ջախջախված մեքենայի ղեկին լինելու փաստն ինքնին հանցագործություն չէ, որպեսզի այն դիտարկվի որպես սուտ մատնություն: Կարծում եմ, նման գործողություններ ձեռնարկելու ու դրանց մասին հանրությանը ծանուցելու միջոցով այդ հանրային անձինք եւ նրանց հաղորդումները լուրջ ընդունող իրավապահները պարզապես ցանկանում են ահաբեկել լրագրողներին եւ նրանց գործունեության վրա ունենալ այն «սառեցնող ազդեցությունը», որի դեմ տարիներ շարունակ պայքարում է առաջադեմ ժողովրդավարական հանրությունը: