Դառնացած ժողովուրդ

Դառնացած ժողովուրդ

Վերնագիրը Թումանյանից կողոպտեցի: Գրել է անցյալ դարասկզբին եւ մեզ համեմատել… վարունգի հետ, որի թաղը երբ տրորվում է, բերքը դառն է լինում: Թումանյանի պատկերավորությամբ՝ ճակատագիրը մեզ այնքան է կոխկրտել, որ դառնացել ենք:
100 տարի է, - շուտով Հայաստանի պետականության մեկդարյա հոբելյանն է լրանում,- մեզ չեն տրորում: 100 տարում հայ ժողովուրդը երեք անգամ հաղորդակցվել է հրճվանքի՝ Սարդարապատով, Ռայխստագի մոտ քոչարիով, 92-ի մայիսի 9-ին Շուշիի ազատագրումով:
Մեր հարեւաններից ո՞վ ունի մեկդարյա նման ձեռքբերումներ: Թուրքե՞րը: Վրացինե՞րը: Ադրբեջանցինե՞րը: Պարսիկնե՞րը:



Թուրքերը, իհարկե, ցեղասպանություն են արել: Բայց թուրքերն Օսմանյան կայսրություն են կորցրել, երկիր, որ Բալկաններից ձգվում էր մինչեւ Հյուսիսային Աֆրիկա:
Վրացիներին, այո, բաժին է ընկել հայաբնակ Ջավախքը: Բայց նրանք կորցրել են Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ադրբեջանցիների մասին ավելորդ է նույնիսկ խոսել: Իսկ 3-4 հազարամյա անընդմեջ պետականության Պարսկաստանը, որի պետական տարածքի ռուսական նվաճման արդյունք է Հարավային Կովկասի երկրների գոյությունը, շուտով 40 տարին կլրանա, ինչ աշխարհից «խռոված»՝ տապակվում է իսլամական ինքնագիտակցության սեփական յուղում:



- Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես՝
Անհետ կորել է չար մշուշի պես,- սա ազգային սնապարծության բանաստեղծական զեղում չէ: Հրճվանք է, որ այդպես է, մինչդեռ կարող էր այլ կերպ լինել: «Մենք աստվածային ազգ ենք»,- կարծես լսում եմ բացատրությունը:
…1992թ. նոյեմբերի 19-ին հակառակորդի մարտական ինքնաթիռը հրթիռակոծեց Գանձասարի վանքը: Հրդեհվեց օժանդակ շինությունը, որը զինապահեստ էր: Այդ օրը պատահաբար Վանք գյուղում էի՝ Մարտակերտի շրջանում ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ներկայացուցիչ, երջանկահիշատակ (երկու ամիս անց նա զոհվեց նույն Վանք գյուղի հիվանդանոցի ռմբակոծությունից) Բորիս Բաբայանի հետ:
Մինչ մեքենայով կհասնեինք, գյուղում մնացած բոլոր մարդիկ հետիոտն բարձրացել էին: Նրանց ճանապարհը հատում էր բարակաջուր մի առու: Մարդիկ Գանձասար էին հասել… ամեն մեկը՝ երկու դույլ ջրով: Հրդեհը, որ ճարակել էր օժանդակ շինության տանիքը: Գործի կարգադրիչը Գանձասարի վանահայր տեր Հովհաննեսն էր:



Նա շտապել էր մոտիկ դիրքերից, զինվորական հագուստով էր: Եվ որովհետեւ վտանգ կար, որ մի կայծ կարող է ընկնել զինապահեստ եւ հօդս ցնդեցնել եւ շինությունը, եւ օգնության եկածներին, վանահայրն ինքն էր բարձրացել տանիքի դեռեւս չհրկիզված հատվածն ու դույլերով ջուր էր շպրտում հրդեհի երախը:
Օրերս դեպքի մասնակիցներից մեկին հիշեցրի, տեղը չբերեց: Իսկ այսօր ի՞նչ ենք անում: Բարձրանում ենք Գանձասար, մոմ ենք վառում, ցրված լսում տեր Գրիգոր քահանային, լուսանկարվում եւ իջնում «Ծովին քար» ռեստորանը՝ ուտելու տեղական (իրականում՝ Ստեփանակերտից գնած) գառան խորոված, խմելու տնաքաշ արաղ: Եվ երեխաներին պատմելու, որ «առաջ էստեղ թուրքեր էին, բայց մենք նրանց քշեցինք»:
Չէ, մնացել ենք դառնացած ժողովուրդ: Որովհետեւ թուրքին քշելով ամեն ինչ չի ավարտվել, միայն սկսվել է: Իսկ մենք մնացել ենք այն մտայնությանը, որ թուրքին դեռ Նախիջեւանից էլ պիտի քշենք, Կարսից էլ, Վանից, Երզնկայից, Կիլիկիայից: «Բա ո՞նց»,- լսում եմ արձագանքը:
Խորհրդային 70 տարվա ապահովությունը, ամբարված ռեսուրսները, այն ամենը, ինչ ստեղծվել էր, գրեթե լիովին ծախսվեց, որպեսզի Արցախը տանուլ չտանք: Նվաճողական պատերազմի ռեսուրս մենք չունենք՝ Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը: Բայց դրանից չարժե դառնանալ:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ