Տոնավաճառի ճակատագիրն անհայտ է

Տոնավաճառի ճակատագիրն անհայտ է

«Մալաթիա» տոնավաճառում առեւտուրն իր սովորական հունով շարունակվում է, տոնավաճառի սեփականատիրոջ՝ Ռադիկ Սարգսյանի մահը նրանց առօրյայում որեւէ բան չի փոխել։ «Դե գիտենք, որ մահացել է, բայց դին դեռ Հայաստան չեն բերել, երբ բերեն, այդ ժամանակ էլ մի քանի օր շուկայի գործունեությունը կդադարեցնենք»,-ասաց առեւտրականներից Կարենը։ Տնօրինության ներկայացուցիչներից որեւէ մեկին շուկայում չես գտնի, առեւտրականներն ասում են, որ սեփականատիրոջ մահը նրանց ցնցել է։ Հիշեցնենք, որ Ռադիկ Սարգսյանը մահացել է հունիսի 2-ին, Ֆինլանդիայում, վիրահատությունից հետո առաջացած խնդիրների պատճառով։ Շուկայի տնօրենների սենյակի մոտ մի տարիքով մարդ էր կանգնած՝ Նորիկ անունով, ով ասաց, որ դեռ իրենք էլ չգիտեն, թե երբ են Ռադիկ Սարգսյանի դին Հայաստան բերելու։ Նրանից փորձեցինք ճշտել, թե ով է սեփականատիրոջ մահից հետո տնօրինելու շուկան․ «Էդ առումով լիքը խնդիրներ ունենք, բայց խնդրում եմ ձեզ՝ թաղումը թող անցնի, նոր կգաք, ու լիքը բաների մասին կխոսենք, էնքան խնդիրներ կան… խնդրում եմ՝ թող անցնի, մեր վիշտը սգանք, հետո եկեք՝ կզրուցենք»։