«Որոտան»-ի վաճառքի պայմանագիրը ստորագրվել է

«Որոտան»-ի վաճառքի պայմանագիրը ստորագրվել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիր` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ:



Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված անձ/ներկայացուցիչ, «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:



Մինչ ստորագրման արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտին: Կառավարության ղեկավարը ողջունել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի պայմանագրի ստորագրումը` որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարեւոր քայլ: Երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում վարչապետը կարեւորել է նաեւ մայիսին Վաշինգտոնում «Առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրումը, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումների ներգրավման, ապրանքաշրջանառության եւ առեւտրի խրախուսման համար:



Ջոզեֆ Բրանդտն աննախադեպ է համարել «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի պայմանագրի ստորագրումը եւ ընդգծել, որ իրենք շահագրգռված են մեծածավալ ներդրումներ կատարել` Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման համար:



Կողմերը փոխադարձ շնորհակալություն են հայտնել արդյունավետ աշխատանքի համար եւ երկուստեք վերահաստատել կառուցողական ու թափանցիկ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը: