14 երաժիշտ «Ազգային պատկերասրահի» բեմում

14 երաժիշտ «Ազգային պատկերասրահի» բեմում

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը հունիսի 18-ից հուլիսի 4-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը: 2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնն այսօր արդեն սպասված տոն է արվեստասերների համար։ 



Հունիսի 18-ին, ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որի ժամանակ ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանը:



Երաժշտության Համաշխարհային օրվան նվիրված ծրագրով հունիսի 21-ին հանդես կգան ճանաչված երաժիշտներ Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Սեդրակ Երկանյանը (դաշնամուր): Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում կներկայացվեն ֆրանսիական և իսպանական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները:



Կամերային երաժշտության երեկոն հունիսի 24-ին հայ արվեստասեր ունկնդրին կներկայացնեն միջազգային մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Նարա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ)։



Գործիքային երաժշտության երեկո խորագրով համերգը հունիսի 27-ին կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բայանահար Իոսիֆ Պուրիցը (Ռուսաստանի Դաշնություն):



Գալա Վոկալ համերգային ծրագիրը` «Օպերային արվեստի գոհարներ» խորագրով հուլիսի 4-ին՝ փառատոնի հանդիսավոր փակման ժամանակ, կներկայացնեն տաղանդաշատ հայազգի երաժիշտներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր):
Ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հատընտիր ստեղծագործություններ:



Հունիսի 18-ից հուլիսի 4-ը փառատոնի շրջանակներում հանդես կգա 14 երաժիշտ։ Փառատոնի բոլոր համերգները տեղի են ունենալու Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում՝ ժ. 19.00-ին։