Միքայել Նարիմանյանն ընտրվեց Բժշկական համալսարանի ռեկտոր

Միքայել Նարիմանյանն ընտրվեց Բժշկական համալսարանի ռեկտոր

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացել է Հոգաբարձուների խորհրդի թվով 3-րդ նիստը, որը բացել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:



Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրությունը:



Նախ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը հակիրճ ներկայացրել է բուհի զարգացման իր տեսլականը, այնուհետև պատասխանել է խորհրդի անդամների հարցերին, ինչից հետո խորհրդի անդամներից ընտրվել է հաշվիչ հանձնաժողով:



Համալսարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր ընտրվել է Միքայել Նարիմանյանը:



Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա են եղել 29-ը, ովքեր էլ միաձայն քվեարկել են գործող ռեկտորի օգտին, գրում է panorama.am-ը: