Աղանդավոր հոր հետ անհետացած երեխան գտնվել է

Աղանդավոր հոր հետ անհետացած երեխան գտնվել է

Հունվար ամսին մենք հրապարակել էինք «Աղանդավոր հայրն անհետացել է երեխայի հետ» պատմությունը։ Մեր խմբագրություն այցելած Արփինե Հարությունյանը պնդում էր, որ իր 8-ամյա աղջկան փախցրել է սեփական հայրը, ով նույնիսկ պատրաստ է եղել երեխային զոհաբերել հանուն «փրկության»։ Պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Քիչ առաջ տեղեկացանք, որ երեխան գտնվել է՝ 2 օր առաջ։ Հաղորդագրությունը տարածել է Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։



«Կրթությունից զրկված երեխան գտնվեց, շնորհակալություն այս բարդ օպերացիայի բոլոր մասնակիցներին Հասարակությունը տեղյակ է, որ ՀՀ ոստիկանությունը Նելլի Դուրյանի գլխավորությամբ հունիսի 6-ին Դիլիջանում հայտնաբերեց հետախուզման մեջ գտնվող անձանց, այդ թվում 7 ամիս կրթությունից զրկված 8-ամյա երեխային: Ամբողջ օրը գտնվելով Կոտայքի քննչական վարչությունում, հետևել եմ, թե ինչպես է իրականացվելու սույն թվականի մայիսի 22—ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն դատարանի կայացրած վճիռը՝ երեխային հանձնել մորը, ով ուղիղ յոթ ամիս գտնվելով միայն հոր ազդեցության ներքո, պարզապես թշնամաբար էր տրամադրված մոր նկատմամբ: Անկեղծ ասած, պահեր եղան, որ չէի հավատում, թե հնարավոր կլինի փոխել երեխայի տրամադրվածությունը: Անհրաժեշտ էր շատ զգուշավոր ու համբերատար աշխատանք, որը տևեց 10 ժամ:Այս հոգետանջ աշխատանքի մեջ ներգրավվեցին Կոտայքի մարզի քննչականի քննիչները, ԴԱՀԿ-ի Երևանից եկած տղաները, Կոտայքի մարզի երեխաների և կանանց իրավունքների վարչության աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի երեխաների և կանանց իրավունքների վարչության պետ Իդա Խաչատրյանը: Ես ականատեսն եղա, թե ինչպես էին փոխվում թե՛ քննչականի, թե՛ ԴԱՀԿ-ի տղաների դեմքերը, երբ նրանք հերթով զրուցելու էին մտնում այն սենյակը, որտեղ երեխան էր: Նրանց արդեն հաջողվել էր մի փոքր փոխել երեխայի տրամադրությունը, երբ գործընթացին միացավ մարզի հոգեբանը: Իսկ երբ Երևանից հասավ Իդան, նրան արմատապես հաջողվեց փոխել երեխայի տրամադրվածությունն ու կազմակերպել երեխայի հանդիպումը մոր հետ, որից հետո էլ արդեն երեկոյան ժամը 10-ին վերջապես միասին դուրս եկան ոստիկանությունից: ԴԱՀԿ-ի ոստիկանության տղաները մինչև վերջ ուղեկցեցին այն մեքենան, որտեղ երեխան էր, որովհետև այս օպերացիայի բոլոր մասնակիցները համոզվեցին, որ հոր սպառնալի հայտարարությունները վտանգավոր են: Ինչևէ, փառք Աստծո, երեխան հիմա մոր ու հարազատների ապահով, սիրալիր գրկում է և նրա կրթությունը հավուր պատշաճի անպայման կշարունակվի: Կեցցեն երեխայի իրավունքների վերականգմանն ուղղված այս բարդ աշխատանքն իրականացրած բոլոր ներկա և հեռակա սատարողները»։