«Ալ-Ջազիրայի» լրագրողը ազատ է արձակվել

«Ալ-Ջազիրայի» լրագրողը ազատ է արձակվել

Բեռլինի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ազատ արձակել արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդավար-լրագրող Ահմեդ Մանսուրին, որին ավելի վաղ ձերբակալել էին Եգիպտոսի պահանջով:



Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` Die Zeit գերմանական պարբերականին հղումով, լրագրողին ազատ են արձակել` առանց մեղադրանք ներկայացնելու և հայրենիք արտահանձնելու:



Մանսուրը, ում նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել, Եգիպտոսի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր հունիսի 20-ին` Բեռլինի «Տեգել» օդանավակայանում:



52-ամյա լրագրողն անցյալ տարի Կահիրեի դատարանի որոշմամբ հեռակա կարգով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման` 2011-ին Կահիրեի Թահրիր հրապարակում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների ժամանակ փաստաբանին կտտանքների ենթարկելու համար: